Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի.
«Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Եվ այդ հաջողություններն արձանագրվել են սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ: Մասնավորապես, առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի և մյուս բնագավառներում գրանցած մեր հաջողությունները հենց ձեր նվիրված ու սրտացավ աշխատանքի արդյունքն են, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ: Անցնող տարին հաջողված տարի էր նաև մշակույթի ոլորտի համար: Ձեր աշխատանքի շնորհիվ մեր աճող սերնդի ու երիտասարդության շրջանում տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունն արվեստի, երաժշտության, գրքի ու գրականության հանդեպ: Համոզված եմ, որ նույն եռանդով պիտի շարունակեք աշխատել նաև եկող տարի, և միասին պիտի հաջողությամբ կյանքի կոչենք բոլոր այն ծրագրերը, որ նախանշել ենք 2014թ.-ի համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, երաժշտության, արվեստի, հեռուստատեսության բնագավառներում բազմամյա վաստակի, ինչպես նաև Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել երգահան, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հաղորդավար Նառա Շլեպչյանը:
Իսկ քաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման, պահպանման և տարածման համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ, «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալներով են պարգևատրվել պարուսույց Գագիկ Գինոսյանը և բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը: Կրկեսային արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, անբասիր աշխատանքի, բեմական գործունեության 45-ամյակի և ծննդյան 65-ամյակի առթիվ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով է պարգևատրվել նաև «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Կարդացեք նաև
Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտերմիկ մթնոլորտում շփվել է ներկաների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը առողջություն, ուրախություն ու երջանկություն բերի նրանց ընտանիքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն