Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման վերջում «Առավոտը» Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց հետեւյալ դիտարկումը, որ նույն համոզչությամբ՝ ինչպես այս ասուլիսում պնդում էր, թե Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր պետության շահերից՝ ոչ վաղ անցյալում շատ հիմնավոր (թերեւս ամենահիմնավորը՝ հնչած ընդդիմախոսություններից), պատճառաբանում էր, թե ինչու Մաքսային միությանը մեր անդամակցությունը չի կարող լինել արդյունավետ՝ մասնավորապես փաստարկելով ընդհանուր սահմանի բացակայությունը:
Հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս հանկարծ գտնվեց այդ սահմանը, եւ արդյոք հաճա՞խ է քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակահարմարությունից ելնելով՝ 180 աստիճանով փոխում մոտեցումները, Տիգրան Սարգսյանն ասաց. «Ընդհանրապես ես նույնպես մարդ եմ, կարող եմ սխալվել իմ գնահատականներում, կանխատեսումներում: Բայց ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու գնահատականներին՝ այո, ես նշեցի, որ երեք տարի առաջ մեր ընդհանուր ընկալումը կայանում էր նրանում, որ ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը նպատակահարմար չէ: Եվ այդ հարցում ունեինք կոնսենսուս, որևէ մեկը այդ գնահատականը կասկածի տակ չէր դնում…
Մեր բոլորի ընկալումը կայանում էր նրանում, որ միասնական տարածքի բացակայությունը լուրջ խոչընդոտ է՝ Մաքսային միությանն անդամակցելու առումով, նպատակահարմար չէ, և այն առավելությունը, որ պետք է ստանանք, չենք ստանա:
…Մեր հիմնական գործընկերոջ հետ մեր տնտեսական հարաբերություններում ամեն տարի մենք հանդիպում էինք լուրջ խոչընդոտների, ՌԴ-ն դառնալով Մաքսային միության անդամ՝ ստիպված էր կիրառել նույն խաղի կանոնները Մաքսային միության հետ միասին:
Կարդացեք նաև
Երեք տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվեց, որը դա դարձավ նախագահների քննարկման առարկա, և խնդրեցինք այդ ռեժիմները փոխել ՀՀ-ի համար»:
«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե ասուլիսում անընդհատ վկայակոչում էր կառավարության իրականացրած հարցումները՝ մեր համաքաղաքացիների դրական տրամադրվածությունը փաստարկելու համար, մի՞թե հայտնի չէ, որ հարցումներ անցկացնողներն արդյունքները հարմարեցնում են դրանք պատվիրողի ճաշակին:
Հիշեցնենք, որ մասնավորապես խոսելով կառավարության մի քանի նախկին նախաձեռնությունների մասին՝ պրն Սարգսյանն ասել էր. «Սոցիալական փաթեթը ներդնելիս հիշու՞մ եք Ազգային ժողովում մեզ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում: Ասում էին՝ ավելի լավ է այդ գումարով աշխատավարձը բարձրացնեք, չենք հավատում այդ համակարգի արդյունավետությանը, ավելի լավ է 130 հազարը կանխիկ տվեք, այս ինչե՞ր եք հորինել, և այլն: Այսօր մեր հարցումները ցույց են տալիս, որ սա, ըստ մեր քաղաքացիների գնահատականի, ամենահաջողված ռեֆորմն է»:
Թե ինչպես հիմնավորեց իր անհամաձայնությունը վարչապետը՝ տեսանյութում: