Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Միքայելյան. «Անհատ հանճարների դարաշրջանն անցել է»

Դեկտեմբեր 27,2013 17:57

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին գոհացնում են աստղագիտության ոլորտում 2013 թվականին իրականացրած աշխատանքները: Նրա խոսքով՝ տարին հագեցած էր աստղագիտական իրադարձություններով. «Ամենամեծ ձեռբերումներից մեկն այն էր, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց որպես ազգային արժեք, որի շնորհիվ այնտեղ վերջապես իրականացվեց խոշորագույն՝ 2.6 մ աստղադիտակի հայելապատումը: Կարևոր իրադարձություններ էին նաև Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական ընկերության պաշտոնական գիտաժողովը, Բյուրականում սկսված հայ-ռուսական ծրագրի աշխատանքները, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկական գրասենյակի հիմնումը, Հայաստանում ստեղծված Տիեզերական գործակալությունը և այլն»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Պարոն Միքայելյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այսօր դպրոցներում աստղագիտությունը ոչ միայն պատշաճ մակարդակով չի ներկայացվում, այլև գրեթե անտեսված է. «Ցավոք, 2009 թվականից աստղագիտությունը՝ որպես առանձին առարկա, հանեցին դպրոցական ծրագրից, և հիմա այն 9-րդ դասարանի ֆիզիկայի մի բաժինն է, որը շատ քիչ է: Բացի այդ, մեծ խնդիր է, որ մենք չունենք զուտ աստղագիտության ուսուցիչներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչները չեն տիրապետում աստղագիտությանը և, բնականաբար, շրջանցում են այն: Հիշում եմ՝ երբ ես դպրոցական էի, մեր ֆիզիկայի ուսուցիչը աստղագիտության փոխարեն ֆիզիկա էր դասավանդում մեզ, որովհետև նա, պարզապես, չգիտեր աստղագիտություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև նկատեց, որ գնալով դժվարանում է երիտասարդ մասնագետների ներգրավումը գիտության և մասնավորապես աստղագիտության ոլորտ: «Եթե առաջ, թեկուզ հենց մեր սերնդի համար մեծ պատիվ էր գիտնական դառնալը, և վարձատրությունն այնքան էական չէր, ապա այսօր երիտասարդներն ավելի գործնական են. եթե աշխատավարձը ցածր է, նա հազիվ թե մտնի այդ ոլորտ՝ բացառությամբ այն նվիրյալների, որոնք դա իրենց կոչումն են համարում»,- ասաց Ա. Միքայելյանը և հավելեց, որ նվիրյալները շատ քիչ են, ինչը բերում է գիտնականների թվի նվազման: «Մինչդեռ, կա մի կրիտիկական քանակ, որից քիչ լինելու դեպքում արդեն հնարավոր է, որ գիտությունն ընդհանրապես չզարգանա, որովհետև հիմա, ցանկացած ուղղությամբ, գիտաշխատողների մեծ խմբեր են աշխատում: Անհատ հանճարների դարաշրջանն անցել է,- ասում է Ա. Միքայելյանը,- գիտնականները շատ նեղ մասնագիտացված պետք է լինեն, որովհետև գիտելիքների քանակը մեծացել է, և մի գիտնականը չի կարող ամեն ինչի տիրապետել: Մեծ խումբ է աշխատում, որպեսզի որևէ կոնկրետ նախագիծ իրականացվի: Ինչքան էլ լավ գաղափար ունենաս, միայնակ չես կարող իրականացնել: Դուք կհարցնեք՝ իսկ Գալիլե՞յը, Նյուտո՞նը, որոնք համարյա ամեն ինչ էին՝ և´ ֆիզիկոս, և´ աստղագետ, և´ մաթեմատիկոս: Այո, առաջ մարդիկ ավելի բազմակողմանի էին, բայց դրա պատճառն այն չէ, որ նրանք ավելի խելացի էին, պարզապես, այն ժամանակ գիտելիքների, տեղեկատվության ծավալը շատ փոքր էր, և մեկ մարդը կարող էր յուրացնել ամբողջը»:

Աստղագիտական տարվա ամփոփումից հետո Հայկական աստղագիտական ընկերությունը շնորհակալագրեր հանձնեց տարվա ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանող լրատվամիջոցներին ու լրագրողներին, այդ թվում նաև «Առավոտ» օրաթերթին ու նրա լրագրող Գոհար Հակոբյանին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031