Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանի ժպիտը` Դերենիկ Դումանյանին

Դեկտեմբեր 27,2013 15:19

Պատգամավորին չի ահաբեկել նախարարի սպառնալիքը

«Այդ սպառնալիքն, անկեղծ ասած, ինձ մոտ ընդամենը ժպիտ առաջացրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ շա՞տ է վախեցել առողջապահության նախարարի՝ իրեն դատի տալու սպառնալիքից: «Առավոտի» դեկտեմբերի 19-ի համարում հրապարակվել էր պատգամավորի՝ «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» վերտառությամբ հոդվածը, որում մտահոգություններ էին հնչում ոլորտում ատկատների առկայության մասին՝ որոշ թվային տվյալներ վկայակոչելով: Հոդվածին հետեւեց ՀՀ առողջապահության նախարարի արձագանքը, ով այնքան էր վիրավորվել պատգամավորի հոդվածից, որ պատրաստվում է նրան դատի տալ: Ի դեպ, նախարարը նաեւ հերքել է առողջապահության ոլորտում ատկատների գոյությունը: Թարմացնելով պարոն նախարարի հիշողությունը՝ ընդամենը փաստենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին առողջապահության ոլորտի ատկատների մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել էր ինքը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դերենիկ Դումանյանին դիմելով «Դերո»:

Իսկ Լյուդմիլա Սարգսյանը նախարարին հիշեցնում է, որ ինքը, որպես պատգամավոր, նաեւ պարտավոր է ոչ միայն բարձրաձայնել հասարակությանը հուզող խնդիրները, այլ նաեւ պայքարել դրանց լուծումների համար: «Հետեւաբար, նաեւ զարմացած եմ, որ նախարարն այդքան ցավոտ է ընդունել փաստը, որի մասին գիտեն բոլորը, բայց բարձրաձայնել եմ ես»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իր հոդվածում ինքը նախարար Դերենիկ Դումանյանին մեղադրանքներ էլ չի ներկայացրել՝ համարելով, որ վերջինս նորանշանակ նախարար է եւ պատասխանատու չէ տարիներ առաջ ձեւավորված այդ արատավոր երեւույթի համար: «Բայց նա պատասխանատու է հետագա գործընթացի համար, եւ ես հույս էի հայտնել, որ նորանշանակ նախարարը միգուցե կկարողանա վերջ տալ ձեւավորված ատկատների արատավոր երեւույթին: Ավելին, ես նույնիսկ զարմացած եմ, որ պարոն նախարարը զարմացած է նյութի՝ նման ներկայացման համար: Ես՝ լինելով ընդդիմադիր պատգամավոր եւ խորհրդարանում ներկայացված լինելով ժողովրդի քվեով, նախեւառաջ պարտավոր եմ ժողովրդի շահերը պաշտպանել, ինչը եւ անում եմ»,- ասաց տիկին Սարգսյանը: Նախարարի՝ իրեն դատի տալու մասին էլ հավելեց. «Բարի: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Չնայած խիստ կասկածում եմ, որ նախարարությունը կարող է ինչ-որ կերպ ձեւակերպել այդ հայցը, որը օրենքի տառին համապատասխան կլինի, եւ որի արդյունքում ես ստիպված կլինեմ վիճարկել իմ արդարացիությունը: Հատկապես, եթե խոսքը վերաբերում է հայաստանյան դատական համակարգին: Ես շուրջ չորս տարի առնչվել եմ այդ դատական համակարգի հետ եւ շատ լավ գիտեմ, թե ընդհանրապես այնտեղ ինչ կերպ են վճիռները կայացվում»:

Ինչեւէ, Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ նախարար Դումանյանի մասին ինքն «ավելի լավ» կարծիք ուներ. «Մտածելով, որ նա առողջ մոտեցումներ ունի համակարգում գոյություն ունեցող արատավոր երեւույթների քննադատության նկատմամբ: Մանավանդ, որ դրա ճարտարապետներն այլ մարդիկ են: Բայց հիմա ես նաեւ մտահոգված եմ. եթե պարոն Դումանյանը՝ ընդունելով, որ նախկինում նման երեւույթներ եղել են, հերքում է, որ ներկայումս էլ դրանք կան, խնդիր չկա, ապա բարի եղեք թափանցիկ կերպով ներկայացնել, թե ինչպե՞ս են տրամադրվում պետպատվերները բուժհաստատություններին, ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվում, տեխնիկական զինվածությո՞ւնն է առաջնային պլան մղվում, կադրային պատրաստվածությո՞ւնը, թե՞ կան այլ սկզբունքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք: Կարծում եմ՝ նրա լավագույն պատասխանը պիտի դա լիներ, որպեսզի ապացուցեր, որ առողջապահության համակարգում այլեւս ատկատի մեխանիզմի գոյությունը բացառվում է: Բայց նա գնաց այլ ճանապարհով եւ ուրիշների մեղքերը փորձեց վերցնել իր վրա»: Դերենիկ Դումանյանի վիրավորվածությունն իր քննադատությունից պատգամավորին երկու բան է հուշում. «Կամ պարոն Դումանյանին այդ համակարգն ամբողջությամբ բավարարում է, կամ էլ նա ի զորու չէ այդ երեւույթի դեմ պայքարելու, որովհետեւ ատկատների պահանջը շատ ավելի վերեւից է իջեցվում: Հավանաբար՝ իրենց վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Հավանաբար, նա իր փայաբաժինը պահանջում է բոլոր ոլորտներում ատկատի ապահովման արդյունքում: Այլ եզրահանգում չեմ կարող անել, քանի որ այն, ինչն ակնհայտ է բոլորի համար, նախարարը հերքելու իրավունք չունի»:

Տիկին Սարգսյանը նաեւ նկատում է, որ եթե իր արտահայտած տեսակետի համար իրեն դատարանով են սպառնում, ուրեմն ներկայիս շատ պաշտոնյաներ՝ Տիգրան Սարգսյան, Հրայր Թովմասյան եւ այլոք, որոնց ուսերին բազմաթիվ, այդ թվում նաեւ պետական մակարդակի մեղքեր կան, ու նրանք դեռ դատված չեն, ինքը կարող է հանգիստ լինել՝ «ինձ ոչինչ չի սպառնում»:
Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանն էլ, որ պաշտոնապես դիմելու են պատգամավորին՝ փաստեր ներկայացնելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ պատրաստվում որեւիցե մեկին բացատրություն տալ, թե որտեղից եմ ես տեղյակ, թե ինչ սկզբունքով է ատկատների մեխանիզմն իրականացվում, ում ինչքան փայաբաժին է հատկացվում: Միգուցե մի քիչ քիչ եմ ասել՝ տոկոսների առումով: Կփորձեմ ստուգել նաեւ դա»: Մեր հարցին՝ գոնե երբեւէ մամուլում պատրաստվո՞ւմ է հրապարակել իր ունեցած տեղեկությունները, տիկին Սարգսյանն ասաց, որ չի պատրաստվում հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը միայն այն պատճառով, որ լավ հասկանում է՝ դա կնշանակի վերջ դնել տվյալ աշխատողի գործունեությանը: «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ երկրում ենք ապրում: Ավելին, ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու ցանկություն չունեմ: Իսկ պարոն Դումանյանն, իրոք, խնդիր ունի ապացուցելու, որ այսօր ատկատի մեխանիզմը համակարգում չի աշխատում: Եվ ես ուրախ կլինեմ, եթե նա կարողանա թափանցիկ դարձնել այդ գործընթացը եւ մեզ բոլորիս ապացուցել, որ այլեւս այդ արատավոր երեւույթը համակարգից հանված է»:

Միաժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ առայսօր բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնել է, ու նախարարն ընդառաջ է գնացել դրանց լուծում տալու առումով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031