Լրահոս
Օրվա լրահոսը

Միամիտ հայի Նոր տարին

Դեկտեմբեր 27,2013 15:13

Անկախ պետությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգեւոր եւ նյութական մշակույթով: Եվ եթե որեւէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի ինչ-որ խաթար բան կա:

Ճարտարապետ ընկերոջս հետ Մանթաշով գարեջրատանը նստած խոսում էինք անկախության հետեւանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին՝ հընթացս քննարկելով նաեւ մայրաքաղաքի կառուցապատումը եւ ամբողջ հանրապետության այսօրվա ճարտարապետական տեսքը, որը, խորհրդային պլանային շինարարության պարտադրանքից ազատագրված, կարող է շատ գեղեցիկ եւ առինքնող դառնալ՝ ազգային կնիքը վրան:

Եվ այդտեղ էր, որ ես զարմանքով մի բան պարզեցի. որ մեր հանրապետությունը չունի գլխավոր ճարտարապետ, այսինքն թե՝ մի տաղանդավոր մարդու, մի կենտրոնի հայացք, որը կհետեւեր ամբողջ երկրի գեղագիտական տեսքին, ինչը որ ժամանակին, լինելով նոր անկախ Հանրապետության գլխավոր ճարտարապետ, անում էր Ալեքսանդր Թամանյանը:
Այդպես նստած մի գավաթ գարեջրի շուրջ զրուցում էինք, երբ մեզ համար անսպասելի ներս մտավ եւ մեր կողքի սեղանին նստեց ղարաբաղյան խնդրի կարգավորման արդեն միջազգային համբավով եռյակը, եւ անմիջապես էլ մեր մեջ արթնացավ ավանդական միամիտ հայը:

Սկզբիում ուզեցինք ինչ-որ բանով հյուրասիրել, բայց իրենք էլ էին գարեջուր խմում, եւ հյուրասիրության իմաստը մի տեսակ դարձավ անհարմար ու կորավ: Բայց միամիտ հայը շարունակում էր խոսել մեր մեջ եւ հուշում էր երկտող գրել, որ Ղարաբաղի խնդիրը միայն Ղարաբաղի եւ Հայաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհինն է:

Ուստի կարեւորելով մեծ տերությունների շահերը՝ հարցին պետք է մոտենալ նաեւ խղճով, որը բարձր է ամեն ինչից: Ուզում էի այդպես էլ գրել: Թեպետ ընկերս հրաշալի ֆրանսերեն է խոսում, բայց մտածում էինք, որ այդ երկտողը անգլերենով պետք է լինի, նույնիսկ թարգմանիչ-մատուցող գտանք: Եվ երբ աղջիկը երկտողը արդեն թարգմանում էր, ընկերս ու ես սթափվեցինք ու զարմացած նայեցինք իրար եւ անխոս հասկացանք մեր քայլի անիմաստությունը:

Դա գրեթե նույնն էր, ինչպես տարիներ առաջ ես Գորբաչովին Գարուն ամսագրի նշանով գրիչ նվիրեցի՝ խնդրելով, որ դրանով ստորագրի Ղարաբաղի ինքնորոշման փաստաթուղթը, իսկ Գորբաչովը վերցրեց գրիչը, շնորհակալություն հայտնեց ու ժպտալով ասաց. կակ ռազ ռուչկի նեխվատալա…
Այսքան բան: Ուղղակի միամիտ հայը անվախճան է մեր մեջ: Խրիմյան Հայրիկը լաց եղավ Բիսմարկի մոտ Հայոց փրկության համար, եւ ի՞նչ եղավ. Բիսմարկը մեր Վեհափառին թաշկինակ նվիրեց, որ արցունքները սրբի…

Ինչեւէ, այսօր արդեն Նոր տարի է, հավատանք, որ նոր կյանք ենք մտնում: Իսկ միամիտ հայը թող շարունակի ապրել մեր մեջ, բայց մեր խղճի սթափության հաստատուն կնիքը վրան, իսկ մենք մնանք մեր հաղթանակի, մեր ոգու տերը…

Միեւնույն է՝ Ղարաբաղը մի օր վերջնական ազատ է լինելու, քանի որ չի կարելի սպանել որեւէ ժողովրդի հավաքական կամքը, եթե այդ ժողովուրդը ինքը չուզենա ինքնասպան լինել: Իսկ մենք անհուսահատ ապրող ցեղ ենք:

Ինչեւէ, շնորհավոր Նոր տարի եւ փառք մեր հնամյա արյան հետագծին:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պակաս միամիտ էլ դու չես:Ղարաբաղ….անկախ…Պապի, իսկ եթե և ազգն է ուզում մահանալ և ԵՎ-ը: Տես, որ միամիտ Դավթի և ժողովրդիդ պես միամիտ ես:Ղարաբաղցի չես,հաստատ, Հայաստանցի …և այո, և ոչ…Ազատասեր ես, բայց ռոմանտիկ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031