Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք»

Դեկտեմբեր 27,2013 15:21

Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարվեց գնահատել իր կուսակից հանրապետական պատգամավորների հարձակողական պահվածքը լրագրողների նկատմամբ՝ նկատելով, թե ԱԺ-ում դրա համար կա համապատասխան հանձնաժողով. «Այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե ԱԺ-ում ինչպիսին է պատգամավորների կեցվածքը»:

Առավել հանգամանալից անդրադարձ կատարվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քննադատությանը՝ հիշեցնելով, որ մինչ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել, բայց «ինչպես վատ ուսանողը քննությունից միայն մի քանի ժամ առաջ է պատրաստվում» այդպես էլ միայն վերջին պահին գործեցին ընդդիմախոսները:

«Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք, որովհետեւ այլընտրանք չունենք»,-հայտարարեց  վարչապետը՝ որպես իրենց նպատակ հռչակելով այնպիսի թոշակի վճարումը, որ մարդիկ համարեն, թե իրենց ծերությունն ապահով է: Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ թոշակի ներկայիս չափով կարելի է լուծել միայն սնունդի հարցը, եւ սա նշանակում է, որ թոշակի անցնողները հայտնվում են աղքատության շեմին:

Վարչապետը նկատեց, թե այս խնդրի առնչությամբ կան քաղաքական սպեկուլյացիաներ,  պոպուլիստական մոտեցումներ եւ հասկանալի համարեց նաեւ այն, որ այս նախաձեռնությունն արժանացել է դիմադրության. «Մենք լավ ենք պատրաստվել, տասը տարի ենք պատրաստվել, եւ հայտարարում ենք, թե սա լավագույն լուծումն է, որ այս պահին հնարավոր է»:

Զուգահեռներ տարավ, թե «սոցիալական փաթեթը որ ներդրեցինք՝ հիշում եք, թե մեզ ինչ մեղադրանքներ ներկայացրին: Իսկ այսօր հարցումները ցույց են տալիս, որ սա կառավարության ամենահաջողված բարեփոխումն է: Բոլորը գնահատում են դրական արդյունքն այս բարեփոխումների»:

Երկրորդ օրինակն էր՝ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում ԱՊՊԱ-ի վերաբերյալ, թե լրացուցիչ հարկ է սահմանվում, մտնում են քաղաքացիների գրպանը: Դարձյալ վկայակոչվեցին կառավարության իրականացրած հարցումները, թե քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում ԱՊՊԱ-ի ներդրումը. «Ես համոզված եմ, որ կենսաթոշակային բարեփոխումն արժանանալու է նույնպիսի գնահատականի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031