Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունից փրկվելու համար երիկամն է վաճառել

Դեկտեմբեր 27,2013 15:11

Իր երիկամը վաճառող Արսեն Ավետիսյանն ասում է՝ չնայած հանցանք է գործել, բայց իրեն էլ խաբել են ու խոստացած գումարը չեն տվել

Որքան էլ կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները պնդեն, հավատացնեն, որ Հայաստանում կյանքի որակը լավացել է, ամեն ինչ անում են աղքատությունը կրճատելու, ապահով Հայաստան կառուցելու համար, սակայն շարքային քաղաքացիներն իրենց կենցաղով համոզվում են, որ կյանքի որակը միայն «վերեւների» համար է լավացել: Ոմանք արդեն այնպիսի անելանելի աղքատության մեջ են, որ անգամ տանը իր չունեն, որ վաճառեն ու յոլա գնան. ստիպված ով ինչ առողջ օրգան ունի՝ վաճառքի է հանում: Վաճառքի հանվող ամենատարածված օրգանը երիկամն է, նույնիսկ համացանցում կարելի է նման հայտարարություններ գտնել:

Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Արսեն Ավետիսյանն էլ այն աղքատներից մեկն է, որը ճարահատյալ վաճառել է երիկամը: Նախ՝ հայտարարություն է տվել համացանցում, հետո տարբեր բուժհիմնարկների պատերին է փակցրել վաճառքի մասին հայտարարությունը:

«Որոշեցի երիկամս ծախել, որովհետեւ էլ չգիտեի՝ ինչ անեի. տունը փող չկար, ուտելու բան չկար, էրեխես հիվանդ էր, բժշկի փող էր պետք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Արսենը:

Արսենի երիկամը բավականին մեծ պահանջարկ ուներ. հայտարարությունից հետո հետաքրքրվողներն անմիջապես են հայտնվել, բայց այդ երիկամի տերը դարձավ ապարանցի Վրեժ Փարվանյանը, որի որդիները այս տարվա հունիսին սկսեցին ակտիվ բանակցություններ վարել Արսենի հետ եւ երիկամի գինը սակարկել:

Արսեն Ավետիսյանի պատմելով՝ չնայած համաձայնել էր, որոշ ժամանակ ավելի լավ գին առաջարկողներ են հայտնվել, որոնց հովանավորությամբ էլ դիմել է «Արաբկիր» բժշկական կենտրոն: Սակայն, ինչպես պատմեց Արսենը, «Արաբկիր» բուժկենտրոնում նրան վստահեցրել են, որ երիկամի փոխպատվաստումը նրան հակացուցված է. «Ասեցին՝ մի աչքդ պրոթեզ ա, հետո էն մյուս աչքդ էլ վարի կգնա, չի կարելի: Դուրս եկա հիվանդանոցից ու զանգեցի Փարվանյան Հայկազին, ասեցի՝ ախպեր ջան, ես հրաժարվում եմ, բժիշկներն ասում են՝ չի կարելի ինձ տենց բան անել: Հետո Հայկազի ախպերը՝ Էդգարը, եկավ հիվանդանոցի մոտ, բա՝ չես կարա հրաժարվես, մենք ահագին փող ենք ծախսել, Գերմանիայում արդեն պայմանավորվել ենք, ստեղի բժիշկները լավը չեն, կգնանք ընդեղ, քեզ կստուգեն, կորոշենք: Համ էլ սկսեցին ինձ ահաբեկել, վերջը ստիպելով՝ տարան Գերմանիա: Ընդեղ էլ ստուգեցին, ասեցին՝ կարելի է»: Իսկ Հայաստան վերադառնալուց հետո բուժզննումից պարզվել է, որ Արսեն Ավետիսյանի մոտ բարդացված կատարակտ է սկսվել:

Այնպես չէ, որ երիկամի կամ մեկ այլ օրգանի ու հյուսվածքի վաճառքն այդքան հեշտ ու հանգիստ կարող է լինել. Հայաստանում արգելվում է օրգանի առքուվաճառքը, սակայն որպես մարդ, ով օրգանի փոխպատվաստման կարիք ունի, եւ կա մեկը, ով պատրաստ է օրգան տալ, դա կատարվում է բացառապես, ըստ փաստաթղթերի, անհատույց, առանց որեւէ գումարի, ավելի պարզ ասած՝ որպես նվիրատվություն, եւ դա նոտարով հաստատված փաստաթղթերով է ձեւակերպվում: Նույն կերպ էլ վարվել են Արսեն Ավետիսյանն ու նրա երիկամի գնորդները, փաստաթղթերը ձեւակերպվել են այնպես, որ Արսենն ընդամենը բարի կամք է դրսեւորում եւ Վրեժ Փարվանյանի կյանքը փրկելու համար իր երիկամն անհատույց, առանց գումարի տալիս է հիվանդ մարդուն: Եվ հենց այսպես է մեր երկրում կատարվում մարդու օրգանների առքուվաճառքը, որը քրեորեն պատժելի արարք է:
Իսկ Փարվանյան եղբայրներն իրենց հոր կյանքը փրկելու համար ամեն քայլի պատրաստ էին, եւ, ինչպես պատմեց Արսենը, համոզելով ու սպառնալիքներով նրան ի վերջո տարել են Գերմանիայի «Charite Campus Mitte» կլինիկա, որտեղ էլ երիկամի փոխպատվաստումը կատարվել է: Արսենի երիկամը Փարվանյան եղբայրները գնահատել են 28 հազար դոլար, վիրահատությունից առաջ 18 հազար դոլարն առձեռն տվել են Ավետիսյանի կնոջը, մնացած գումարը խոստացել էին հետո վճարել, սակայն այդպես էլ չեն տվել: «Ինչքան ասում էի՝ փողս ե՞րբ եք տալու, ասում էին՝ հորս վիճակը լավ չի, պոչկեդ լավը չէր, փող չենք տալու»,- պատմեց Արսեն Ավետիսյանը: Իրեն այսպես ասած՝ «քցված ու խաբված» զգալուց հետո Արսենը դիմել է իրավապահ մարմիններին, որոնք երկար ժամանակ քրեական գործ չէին հարուցում, միայն ՀՀ նախագահին նամակ գրելուց հետո է քրեական գործ հարուցվել:

Մեր այն դիտարկմանը, որ երիկամ վաճառողը եւս պետք է պատասխանատվության ենթարկվի, Արսեն Ավետիսյանն ասաց. «Ես պատրաստ եմ, եթե պիտի պատժվեմ ընտանիքս փրկելու, աղքատությունից դուրս գալու համար, թող պատժվեմ, բայց Փարվանյաններն էլ թող պատժվեն: Չնայած կասկածում եմ, որովհետեւ նրանք բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ են, ու որ մինչեւ հիմա նրանց չեն ձերբակալել, հենց պատճառը էդ թափով պատգամավոր-բարեկամն ա»:

Երիկամը վաճառելուց հետո Արսեն Ավետիսյանի առողջական վիճակը վատանում է, նրա միակ՝ նախկինում առողջ աչքը, ինչպես ինքն ասաց՝ կուրանում է: Արսենի խոսքերով՝ Փարվանյանները եւ հրաժարվում են խոստացած գումարը փոխանցել, եւ հրաժարվում են գոնե աչքի վիրահատության համար օգնել Արսենին. «Իրենք գիտեին, որ եթե ես երիկամս տամ, առողջականս վատանալու ա, բայց խաբեցին տարան»:

Ներկայումս այս գործով ոստիկանության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քրեական գործ է հարուցված՝ քրեական օրենսգրքի 132-րդ՝ «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերով, որը նման դեպքում 7-12 տարվա ազատազրկում է նախատեսում:

«Առավոտի» տեղեկություններով՝ նախաքննական մարմինը Գերմանիայի «Charite Campus Mitte» կլինիկային հարցում է ուղարկել եւ խնդրել դեպքի հետ կապված բոլոր նյութերն ու մանրամասները տրամադրել:
Թե ինչ ընթացքում է գործը՝ «Առավոտի» հարցին ոստիկանությունից որեւէ մանրամասնություն չասացին, միայն տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է:
Իսկ Արսեն Ավետիսյանը իրավապահ մարմիններից պահանջում է իրեն տուժող կողմ ճանաչել, քանի որ իրեն սպառնալիքների ազդեցության տակ են ստիպել երիկամը վաճառել. «Արդեն քանի ամիս ա՝ գործն առաջ չի գնում»:

Ընդ որում, Արսեն Ավետիսյանը կասկածում է, որ Փարվանյանները պատասխանատվության կենթարկվեն. «Նրանք շատ «թափով» մարդիկ են, իրենց բան էլ չի լինի, ես կկուրանամ ու վերջ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artyom says:

    продаю почку мне 29 лет вжу в Ереване

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031