Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Ամուլսարը աշխարհում լավագույն նախագիծն է լինելու» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2013 15:01

Այս տարի բնապահպանության ոլորտում տարին բուռն էր բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիաներով՝ հատկապես Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվության եւ տարբեր մարզերում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարներով:

Այսօր  Aravot.am-ը բնապահպանության նախարարից, իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց թե ինչ դիտարկում ունի նախարարը՝ բնապահպանների բարձրացրած այն խնդիրների վերաբերյալ, ըստ որի փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությամբ մի շարք գետեր եւ ձկնապաշարներ ուղղակի վտանգվում են, գետերը ցամաքում են, իսկ Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքով էլ շրջակա միջավայրին է մեծ վնասներ հասցվում, իսկ բնապահպանության նախարարությունը ի զորու չէ դրանք արգելել, քանի որ այդտեղ բիզնես շահեր կան եւ նման խոշոր ներդրողների դեմ չի կարողանում պայքարել: Այս առնչությամբ նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ ՀԷԿ-ը վերականգնող էներգետիկ ռեսուրս է, այսինքն այն ինչ բնությունից վերցնում ես, հետ ես տալիս:

Պարոն նախարարի դիտարկմամբ՝ ՀԷԿ-երի կառուցման տեսանկյունից սա վերականգնվող էներգետիկ ռեսուրս է եւ եթե պահպանվում են բնապահպանական նորմերը, ապա այստեղ ավելի ճիշտ է օգտագործել այս էներգիան: Արամ Հարությունյանի ներկայացմամբ՝ ՀԵԿ-երի դեպքում, ջուրը գետից վերցվում է, եւ նորից հետ է վերադարձվում. «Այլ հարց է, որ թույլտվությունների շրջանակը,որ տվել ենք, պահպանվեն: Այսինքն, ցանկացած ՀԷԿ-ին ջրօգտագործման թույլտվություն տալուց առաջ մասնագիտական կազմակերպության կողմից, դա իմ կողմից չի, որ դուք ինձ մեղադրեք որ ես չեմ կարողանում այդ հաշվարկներն իրականացնել, մենք ընդամենը մարմին ենք,որ առաջինը ջրօգտագործման թույլտվությունը ենթարկվի փորձաքննության, համապատասխան մասնագիտական կառույցների կողմից, հաշվարկում են էկոլոգիական թողքը, այն ինչ որ անհրաժեշտ է տվյալ գետի, ջրային ռեսուրսի, կամ տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակի պահպանման համար,նոր դրանից հետո տրվում է ջրօգտագործման թույլտվություն: Սա այն օրենքն է, որ մենք պարտավոր ենք իրականացնել: Եթե պահպանվել են նորմատիվները,կարծում եմ ՀԷԿ-երի շահագործումը մեզ բոլորիս համար ավելի նպաստավոր կլինի: Եւ բոլոր այն տեղերում,որ խախտումները են լինում, պետք է համապատասխան միջոցառումներ իրականացվեն: Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ համապատասխան թողքը չապահովվի, եւ մենք թույլտվություն տրամադրենք»:

Նախարարն ասաց,որ նույնիսկ եղել են այնպիսի նախագծեր, որոնք չեն ապահովել էկոլոգիական թողքը, նախարարությունը մերժել է: Իսկ թե որ ընկերություններին են մերժել, մեր հարցին,նախարարն այդ պահին չկարողացավ ասել, բայց վստահեցրեց, որ կան նմանները:

Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, ապա նախարարն ասաց, որ դա պետք է լինի լավագույնն աշխարհում: Մեր այն հարցրին, ինչ նկատի ունի ասելով՝ լավագույնը, եւ լավագույնը ո՞ւմ համար պարոն Հարությունյանն ասաց՝ լավագույն բնապահպանական ծրագիրը պիտի լինի, ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառմամբ, եւ արտանետումներն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները պետք է լինեն նվազագույնը: Նախարարը վստահեցրեց, որ Ջերմուկ քաղաքը ներառված է եղել քննարկումներին, որոնք տեղի են ունեցել նախարարությունում. «Անձամբ ես զանգել եմ, ասել եմ մասնակցեն, առաջարկություններ ներկայացնեն»:

Ու, նախարարը երկար-երկար ներկայացրեց թե ինչպես են կազմակերպվում լսումները: «Եթե որեւիցե համայնքում կլինի բացասական կարծիք քննարկման ժամանակ, մենք այդ փորձաքննական նյութին դրական եզրակացություն չենք տա»:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ բնապահպանները պնդում են, որ Ջերմուկում կան այնպիսի կենդանիներ եւ բույսեր, որոնք Կարմիր գրքում են ներառված, իսկ նման դեպքում ՀՀ Սահմանադրությունն արգելում է այդ տարածքներում հանք շահագործել, պարոն Հարությունյանն ասաց՝ «Ես չէի ուզենա, որ դուք միջնորդ հանդիսանաք մեր եւ բնապահպանների միջեւ»: Մեր այն դիտարկմանը, որ լրագրողը ոչ թե պարզապես  միջնորդ է, այլ խնդիրը փոխանցող միջնորդ-օղակն է, նախարարը գրիչով թխկացրեց սեղանին, ի նշան՝ լռություն պահպանելու, ապա շարունակեց. «Մենք բացարձակ չենք կաշկանդվում, որ եւ դուք լինեք, եւ բնապահպանները լինեն, խոսենք, դուք արձանագրեք, եւ այդպես էլ եղել է, եւ բոլոր անհանգստությունները մենք ներառել ենք փաստաթղթերի մեջ»:

Նախարարի ներկայացմամբ՝ Ամուլսարի տարածքում, իհարկե, կենսաբազմազանություն կա, եւ դրանց միգրացիոն երթուղիների տեսանկյունից, առաջարկել ենք շահագործվող տարածքը լինի այնպիսի, որ միգրացիոն երթուղիները չխախտվեն ու ապահովվեն կենդանիների միգրացիոն հետքերը:

Հիշեցնենք, որ բնապահպանները մասնավորապես բարձրաձայնում են,   որ օր օրի ավելացող փոքր ՀԷԿ-երի շնորհիվ ավելանում է նաեւ ծանրաբեռնվածությունը Հայաստանի գետերի վրա: Հայաստանի ամենածանրաբեռնված գետերն են՝ Որոտանը (10 ՀԷԿ), Եղեգիսը (10 ՀԷԿ) և Արփան (8 ՀԷԿ) (ըստ մեր տվյալների, Արփա գետի վրա կարող է լինել ավելի շատ): 3 գետերից, ՓՀԷԿ-երով են ծանրաբեռնված եւս 43 գետ իրենց ձկնային պաշարներով: Ըստ բնապահպանների,  ՓՀԷԿ-երը համարվում են մասնավոր բիզնես եւ մի ամբողջ ազգի հաշվին ապահովում են գերշահույթ մի քանի հոգու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031