Այսօր, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: Նա նշեց, որ ի դեմս խայտառակ վարքագիծ դրսևորած երիտասարդների, ունենք մի փոքր խմբակ, որը դասալիք է: Զարուհի Փոստանջյանը այդ երիտասարդներին նմանեցրեց հանրապետական կուսակցության երիտթևի հետ, նրանք էլ դասալիք են, աշխատանքի չեն գալիս. «Ահա այդ դասալիքների երիտասարդ տեսակը երեկ գտնվում էր տնտեսագիտական համալսարանում: Հանրապետականները իրենց համար պատրաստում են սերունդ, որ ուզում են իրենց աջակցի, այնինչ մենք ունենք երիտասարդներ, որոնք ԱԺ-ում իրենց դրսևորեցին, որպես արժանապատիվ քաղաքացիներ»:
Բանախոսն ասաց, որ տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը միանշանակ հանցակազմ է պարունակում և պետք է անպայման գրել հաղորդում հանցագործ մասին: Այդ երիտասարդները և համալսարանի ռեկտորը խոչընդոտել են լրագրողների աշխատանքին. «Հորդորում եմ գլխավոր դատախազին, որ սկսի գործի քննությունը, ՄԻՊ-ը նույնպես կարող է արձագանքել դրան»:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, ուրախ է, որ այսուհետ ունենալու ենք գիտությունների թեկնածու քաղաքապետ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ինքը որոշ ժամանակ առաջ նամակներ էր գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին, որ իրենք հրաժարվեն իրենց պաշտոնից ու զբաղվեն գիտությամբ, որովհետև նրանցից ամեն մեկը գլխավորում են բուհերի խորհուրդները. «Այն ժամանակ խնդրել էի նրանց հրաժարվեն իրենց պաշտոններից, որովհետև գիտությունը կտուժի: Հիմա նույնը պետք է ասեմ Տարոնին, թող պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ