«Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այսօր ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրեց Սերժ Սարգսյանը հայտարարությունը, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը հրաժարական կտա: «Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջեւ դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ»,- ի պատասխան ասաց վարչապետը՝ խոստանալով, թե վերլուծվելու են այն պատճառները, որոնք խանգարում են հասնել ավելի բարձր ցուցանիշների:
Քիչ անց պատասխանելով մեկ այլ հարցի՝ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Իրավիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացնում են զանգվածային լրատվական միջոցները: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի խնդիր ունենք»:
Նա վկայակոչեց հարցումներ, թե հարցվողները մեծամասնությունը պնդում է, որ իր վիճակը լավացել է. Բայց նաեւ նշում են, թե երկրի վիճակը վատացել է
«Սպասումները շատ բարձր են,- նշեց պրն Սարգսյանը:- Մեզ բոլորիս պակասում է լավատեսությունը»:
Կարդացեք նաև
«Առաջին լրատվականի» թղթակիցը հիշեցրեց ժամանակին իր իսկ արած հայտարարությունը, թե պայքարելու եք օլիգոպոլիաների դեմ, նկատելով, թե կարծես թե այդ պայքարը չհաջողվեց՝ դատելով օլիգոպոլիաների առկայությունից:
Տիգրան Սարգսյանն ի պատասխան ասաց, որ կառավարության ծրագրում կարեւորագույն դրույթը վերաբերում է մրցակցային դաշտին՝ օլիգոպոլիաներին. «Եթե մեզ չհաջողվի փոփոխություն արձանագրել՝ կհամարենք, թե ունենք լրջագույն բացթողում»:
Նաեւ նշեց. «Դուք ավելի լավ կարող եք դատել՝ ունե՞նք հաջողություններ օլիգոպոլիաների դեմ պայքարում»: Ըստ նրա՝ ցուցանիշը մասնավորապես օլիգարխներին մերձ ԶԼՄ-ների հրապարակումներն են՝ հենց հարձակումներն ուժեղանում են, ուրեմն՝ ինչ որ ցավոտ կետի են դիմել: