Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վանաձորցի վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

Դեկտեմբեր 27,2013 14:16

ՀՀ գլխավոր դատախազը ընթացք է տվել փաստաբանի դիմումին
Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում է կայացրել վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին:

Վանաձորցու փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը բողոք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի բաժանմունքի քննիչ Զորի Բաբայանի կայացրած որոշումը:

Համաձայն քննիչի որոշման` վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 112 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Փաստաբանը պահանջել էր կարճել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը:
Խնդրի մասին նա տեղյակ էր պահել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
2013 թվականի սեպտեմբերի 16-ին որովայնի շրջանում թափանցող մարմնական վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել Կ. Ք.-ն` հայտարարելով, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Դեպքից երկու ժամ անց Ռոբերտ Հովհաննիսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, եւ հայտնել է, որ տուժողի վնասն ինքն է պատճառել: Նա պատմել է, որ ծագած վեճի ժամանակ խլել է տուժողի ձեռքում առկա դանակն ու տուժողի դանակով հարվածել վերջինիս:

Փաստաբանը տեղեկացնում է, որ թե տուժողը, թե մեղադրյալը երթուղայինի վարորդներ են: Դեպքի օրը ոչ ճիշտ վազանց կատարելու հետեւանքով նրանց միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Տուժողը փորձել է դանակով հարվածել իր պաշտպանյալին, վերջինս էլ նրա ձեռքից խլել է դանակն ու այդ դանակով մեկ անգամ հարվածել տուժողին:

«Այստեղ չկա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Իմ պաշտպանյալի բոլոր գործողությունները ուղղված են եղել իրեն պաշտպանելու, եւ դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում գործելու օրինակ է: Թեեւ մեծ հույսեր ու ակնկալիքներ չունեի, բայց գլխավոր դատախազի մոտ գործի զեկուցման ընթացքում վերջինս հանգեց այն կարծիքին, որ այստեղ իրոք առկա է անհրաժեշտ պաշտպանության վիճակ: Այդ ընթացքում Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում կայացրեց ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Որոշման մեջ նշված է, որ Ռոբերտ Հովհաննիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչը, հետեւաբար, ենթադրում է, որ նաեւ քրեական գործով վարույթը կկարճվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ առանց ՀՀ գլխավոր դատախազի` գործի հանդեպ դրսեւորած օբյեկտիվ, անաչառ եւ անկողմնակալ մոտեցման, սայլը տեղից չէր շարժվի:

«Ողջունելի է, նաեւ հուսադրող է: Կարծում եմ, որ դատախազը ոչ միայն այս գործով նման վերաբերմունք դրսեւորեց, այլ ցանկացած գործով էլ այդպես կվարվի»,- եզրափակում է Ռուբեն Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031