Այսօր, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամանորյա նվերներ է պատրաստել Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի համար:
Ընդդիմադիր պատգամավորի նվերները բացիկներ են, որոնք նա բերել է Իսպանիայի Պրադո թանգարանից: Փոստանջյանից ամանորյա նվերներ ստանալու են այն իշխանավորները, ովքեր հայ ժողովրդին վնաս են հասցրել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Փոստանջյանից կստանա ոտքերը կապված և գետնին պառկած գառի պատկերով բացիկ. «Թող ինքը մտածի, թե սա ինչ խորհուրդ ունի: Բացիկի վրա ընդամենը պետք է գրեմ, որ շնորհավորում եմ Նոր տարին»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կստանա Պրադո թանգարանից բերված աքաղաղի պատկերով բացիկ: Բացիկում պատկերված աքաղաղի ոտքից գլխիվայր կախված է: «Ինքը նույնպես պետք է մտածի, որ այն ինչ տեղի է ունենում մեր հասարակությունում, այսպիսի անդրադարձ կարող է ունենալ յուրաքանչյուրի համար: Սա մեր կյանքից վերցված մի դրված է, այս կտավը պահվում է Պրադոյի թանգարանում: Մարդիկ երբ նման մտահղացում են ունեցել և նման պատկեր են մեզ փոխանցել, իրականում ունեցել են նման զգացում: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրս»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին Զարուհի Փոստանջյանը կնվիրի նիդերլանդական նկարիչ Հիերոնիմոս Բոսխի կտավներից մեկի պատկերով բացիկ: 1490 թվականին ստեղծված այս կտավում պատկերված է տեսարան, որ երեք անձինք մեկ անձի գլուխն են վիրահատում և այնտեղից կակաչներ հանում: Կակաչները հիմարության խորհրդանիշն են տվյալ դեպքում: «Այդ ժամանակաշրջանում մարդկանց փորձում էին համոզել, որ՝ դուք չեք հասկանում, դուք հիմար եք, ձեր գլխում կա հիմարության քարեր և այդ քարերը պետք է վիրահատել ու հանել: Բայց այդ քարերը վիրահատողները և հանողները պարզապես խաբեբաներ էին, շառլատաններ: Այսօր Հայաստանի իշխանությունը բռնազավթածները մեզ ասում են, որ՝ դուք չեք հասկանում, դուք հիմար եք, չեք հասկանում, թե որն է մեր պետական շահը, ինչից կարող ենք օգուտներ ունենալ:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում հայտարարեց՝ դուք դեռ չեք իմանում, թե Մաքսային միությունից մենք ինչպիսի օգուտներ պետք է քաղենք: Մեր հասարակությունը հիմար չէ, ուղղակի մեզ փորձում են հիմարի տեղ դնել, ասել, որ հասարակությունը գլխում ունի հիմարության քարեր, իսկ իրենք փորձում են վիրահատել: Բայց իրենք ընդամենը խաբեբաներ են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանի մատուցմամբ`Սերժ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանն ընդամենը ներակայացնում են խորհրդային KГБ-ն: Զարուհի Փոստանջյանը տարեվերջյան ասուլիսին նաև երկու տորթ էր բերել, որոնցից մեկի վրա գրված էր «Նոր Հայաստան», մյուսի վրա՝ «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան»: Տորթերը նա հրավառության ներքո կիսեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ