Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը հրավիրում է ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան,

Դեկտեմբեր 27,2013 13:41

Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման: Դրա  մասին է վկայում իրավասուբյեկտության չորս հիմնական հատկանիշների՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, յուրային կառավարության և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողության առումներով նրա ներկայիս վիճակը:

Ապացուցման կարիք այլևս չունի այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում մշտական բնակչությունն աղետալի արտագաղթի հետևանքով սպառվում է, տարածքը՝ Արցախի մասով, կարող է կորսվել, յուրային կառավարության փոխարեն առկա է իր ժողովրդի շահերը դավաճանող ու օտար ուժերին ծառայող վարչախումբ, իսկ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը ըստ էության բացակայում է, քանի որ Հայաստանը արտաքին քաղաքականության բոլոր ռազմավարական հարցերում ենթակա է արտաքին թելադրանքի:

Ավելին՝ հայաստանյան իրականության ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի առանձնահատկությունների, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա մի շարք տագնապալի գործոնների դիտարկումից ակնհայտ է դառնում, որ պետականության կորուստն հղի է հայաստանաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման և Հայրենիքի տարածքի այս վերջին հատվածի կորստյան իրական վտանգներով:

Պետության իրավասուբյեկտության այս հատկանիշների շարքում մնացածի պահպանման երաշխավորի դերը կատարում է «յուրային կառավարությունը»: Մինչդեռ հայաստանյան կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որն ամբողջովին յուրացրել է ժողովրդի իշխանությունը՝ պետական կառավարման մարմինների համակարգը վերածելով իր օտար տերերի և իր կլանային ու անձնական շահերի սպասարկման գործիքի՝ բացառելով դրա միջոցով ու դրա ներսում ազգի քաղաքական կամքը որևէ կերպ, այդ թվում՝ ընտրությունների մեխանիզմով, ներկայացնելու ու գործադրելու հնարավորությունը: Ասվածի վերջին և, ամենակնառու, վկայությունը պետության ինքնիշխանությունը ոտնահարող հայ-ռուսական գազային խայտառակ համաձայնագրերի վավերացումն էր ազգի քաղաքական կամքը ներկայացնելուն կոչված խորհրդարանում:

Ուստի հայոց պետականության ու Հայրենիքի կորստի գործընթացը կասեցնելու և Հայաստանի իրավասուբյեկտությունը վերականգնելու առաջնային պայմանը «յուրային կառավարության»՝ պետական կառավարման յուրային համակարգի վերստեղծումն  է:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ Նախախորհրդարանը քաղաքական-քաղաքացիական բոլոր առողջ ուժերին հրավիրում է օր առաջ գործող կառավարման համակարգից դուրս համատեղ ջանքերով ձևավորելու  այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան, որը առաջիկայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ կհեռացնի հանցավոր վարչախմբին և ներդրվելով գործող համակարգի մեջ՝ կապահովի ազգի քաղաքական կամքի ներկայացումն ու գործադրումը:

 Նախախորհրդարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031