Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր
Անցնող 2013 թ-ն իր բովանդակությամբ առանձնապես տարբեր չէր վերջին 20 տարիներին տիրող խայտառակ իրավիճակից: Շարունակելով մնալ շրջափակման մեջ ու չհայտարարված պատերազմի իրավիճակի պայմաններում՝ մեր երկրի իրար հաջորդող իշխանությունները չկարողացան իրենց քաղաքականությունն ուղղել դեպի ՀՀ քաղաքացին, այսկերպ էլ ավելի անկատար ու հակամարդկային դարձնելով գործող համակարգը: Շարունակական մեծ թիվ է կազմում արտագաղթը, Հայրենիքը լքում են զանգվածաբար, ամեն քայլափոխի խախտվում է ՀՀ օրենքները և մարդու իրավունքները, քաղաքացիների սոցիալական կարգավիճակը էլ ավելի է վատթարանում:
Այս իրավիճակում է, որ ՍԴՀԿ-ն կոչ ուղղեց բոլոր հայրենասեր ուժերին մաս կազմել ձախ ուժերի դաշինքին՝ 2014 թ-ին երկրում համակարգային փոփոխությունների համար պայքարելու նպատակով: Մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու և հիմա էլ շեշտում ենք, որ անձինք չէ, որ կարող են մեր երկրում համակարգ փոխել: Իրար հաջորդող իշխանությունները փոխեցին անձանց, սակայն տրամաբանությունը,գործելակերպը երկրում առկա բարքերը մնացին նույնը: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը, որը արդեն իսկ սպառնում է ազգային անվտանգությանը: Սա է, որ խեղդում է Հայաստանի քաղաքացուն, փոքր և միջին բիզնեսը, հագուրդ տալիս օլիգարխների՝ իրենց միլիարդները մի քանիսով ավելացնելու ոչ մարդկային կրքին: Մենք չենք հանդուրժում և իրավունք չունենք հանդուրժել ներկա համակարգը, մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է կառավարման համակարգի արդար, քաղաքացուն, մարդուն այլ ոչ թե օլիգարխին ծառայող մոդել: Վստահ ենք, որ 2014 թ-ը լինելու է վերելքի, փոփոխությունների տարի: Այդ համակարգային փոփոխությունը հանգեցնելու է արդարության, այն արդարությանը, որ ամեն օր փնտրում ենք յուրաքանչյուրս, սակայն այդպես էլ չենք գտնում ոչ իշխանության, ոչ էլ հրապարակ ելած ընդդիմության գործելաոճում և քաղաքական գործիքակազմում:
Սիրելի հայրենակիցներ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորում է բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ վստահ լինելով, որ շատ մոտ ապագայում մենք ապրելու ենք Արդար Հայաստանում:
Կարդացեք նաև
ՍԴՀԿ Մամլո դիւան