Երբ 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն վերադարձավ, շատերն էին կասկածում, որ Տեր-Պետրոսյանի շուրջ ժողովուրդ կհավաքվի: Կասկածողներ թե´ Տեր-Պետրոսյանին չսիրողների մեջ կային, թե´ սիրողների:
Տեր-Պետրոսյանի հռետորական էներգետիկան, փաստորեն, վերածնունդ ու վճռական նշանակություն ունեցավ, գումարած` բառապաշարն ու տերմինոլոգիան, իսկ ավազակապետության կազմաքանդման գաղափարը նույնիսկ առաջին նախագահին չհավատացողները հավանեցին:
Որոշ վերլուծաբաններ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մեջ իշխանատենչություն էին տեսնում, որոշներն էլ` նույնիսկ վրեժխնդրություն, երրորդներն էլ բացատրում էին, որ ոչ թե Տեր-Պետրոսյանն է իշխանության ձգտում, այլ նրա թիմակիցները, որոնք առաջին նախագահի միջոցով ուզում են իշխանությունը վերանվաճել:
Կյանքը ցույց տվեց, որ այս բոլոր կարծիքներն էլ թերի են: Կյանքը նաև ցույց տվեց, որ առաջին նախագահը հեշտուհանգիստ կարող է իշխանությունից ու նախագահի պաշտոնից հրաժարվել, բայց քաղաքականությունից ու քաղաքական կյանքից` երբեք, ու հավանաբար նաև դա էր հիմնավոր պատճառ, որպեսզի ՀԱԿ դաշինքը հետագայում վերածվեր ՀԱԿ կուսակցության, ընդ որում` նախ շարժումը վերածվեց դաշինքի, այնուհետև դաշինքը` կուսակցության, և, ինչպես 88-ին, շատերն էին դեմ, որ շարժումը վերածվի կուսակցության, և մանավանդ դեմ էին, որ կուսակցության վերածվածը կայանա ՀՀՇ-ի հաշվին և գրավի ՀՀՇ-ի տեղը, և չնայած նախքան էդ էլ ՀԱԿ-ի շարքերում պառակտումը սկսվել էր, ՀՀՇ-ի փաստացի լիկվիդացումից հետո պառակտումը վերջնական տեսք ու պատկեր ստացավ: Ինչպես միշտ, ՀԱԿ-ի ներսում Տեր-Պետրոսյանի կամքը վճռական նշանակություն ունեցավ, և վերջինիս կամքին չենթարկվածներն ակամա կամ կամավոր հայտնվեցին ՀԱԿ-ից դուրս:
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանն ու համախոհները գտնում էին, որ ՀՀՇ անունն արդեն վարկաբեկել ու սպառել է իրեն, և տվյալ անվանափոխությամբ փորձում էին ձերբազատվել տվյալ հապավումից: Դա, իհարկե, նրանց դժվարությամբ կհաջողվեր, եթե Արարատ Զուրաբյանն ու համախոհները նոր ՀՀՇ չհիմնադրեին, բայց վերջիններս էլ չէին կարող դա չանել, որովհետև վերջիններիս համար ՀՀՇ-ն եղել և մնում է նորագույն հապավումներից ամենասիրելին ու ամենապատվաբերը:
Հին գվարդիայի անդամների լիկվիդացման արդյունքում ՀԱԿ-ը, փաստորեն, զգալիորեն երիտասարդացավ, բայց այս երիտասարդացումն անզեն աչքով նկատելի չի, որովհետև ԱԺ-ի իրենց ֆրակցիան հիմնականում հներից է բաղկացած, և ՀԱԿ-ի տեսանելի ու երևացող մասը հենց խորհրդարանական իրենց խմբակցությունն է, որի անդամներից ընդամենը մի քանիսն են այս պահին ՀԱԿ-ի իրական շահերն արտահայտում ու ներկայացնում:
Եթե Տեր-Պետրոսյանի ցանկությունը ՀԱԿ-ը երիտասարդացնելն էր, թվում է թե` ինքն էն գլխից կարող էր ՀԱԿ-ի երիտասարդներին բնակեցնել ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի ամենավերևներում, և էս պահի դրությամբ ԱԺ-ում գոյություն կունենար ՀԱԿ միանգամայն սերնդափոխված խմբակցություն, որն իսկապես նախկին ՀՀՇ-ի մասին անցանկալի հիշողություններ չէր արթնացնի: Բայց Տեր-Պետրոսյանը ներկուսակցական էդ կտրուկ ռեֆորմին չգնաց ոչ միայն էն պատճառով, որ ԱԺ վերջին ընտրությունների պահին դեռևս դաշինքի պատրանքն ու Ստեփան Դեմիրճյանի ( ինչպես նաև` Լյուդմիլա Սարգսյանի) հետ կապված հարցեր կային, այլև հների ( Բագրատյան և ուրիշներ) հանդեպ պարտքի որոշակի զգացողություն էլ կար: Եվ ինչքան էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի կարծիքն իշխող ու վերջնական էր, վերջինս նաև որոշակի պարտավորություններ ու կաշկանդվածություններ ուներ, և ԱԺ ՀԱԿ խմբակցությունը միանգամայն սերնդափոխված տեսք կստանար միայն այն դեպքում, եթե առաջին նախագահի ու Արամ Սարգսյանի օրինակով ՀԱԿ-ի մյուս «տարեցները» ևս հրաժարվեին իրենց մանդատներից, բայց քանի որ դա տեղի չունեցավ, ԱԺ ՀԱԿ խմբակցությունն իր ճարահատյալ գոյությունը սկսեց ու կշարունակի կարապի, խեցգետնի ու գայլաձկան տարբերակով` մոտավորապես «Ժառանգություն» խմբակցության հանգույն:
Այսուհանդերձ, եթե ՀԱԿ-ում լիարժեք սերնդափոխություն տեղի ունենա, դա տեղի կունենա ոչ թե բնական ճանապարհով, այլ վերևից` Տեր-Պետրոսյանի կամքով, բայց այս տարբերակը ևս ողջունելի կլինի, որովհետև Հայաստանի ներքաղաքական կյանքում սերնդափոխությունն ավելի քան անհրաժեշտ է:
Ինչևէ. ՀԱԿ-ը վերաձևավորման և, իրենց խոսքով ասած, ինքնամաքրման գործընթացների մեջ է, և մոտ ապագայում էլ իրենց ընթացքը կախված կլինի անձամբ Տեր-Պետրոսյանի կամքից ու քաղաքական վերլուծություններից, և հատկապես էն հանգամանքից` ցանկանու՞մ է Լևոնը վերստին նախագահ դառնալ, թե` ոչ:
Իսկ որ ՀԱԿ առաջնորդը քաղաքականությունից չի հեռանալու, դա արդեն ակնհայտ է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ