Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Դուք ՄՄ-ից, որին դեռևս չեք անդամակցել, պահանջում եք ավելին ԼՂ-ի վերաբերյալ, քան ինքնին Հայաստանի՞ց». «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 27,2013 11:02

Հատված «Առաջին լրատվական»-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցազրույցից: 

– Պարոն Զատուլին, Ռուսաստանի համար ընդունելի կլինի՞, եթե ամեն դեպքում ապագայում Ղազախստանն իր «հատուկ կարծիքը» ձևավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

– Ես չէի ցանկանա քննարկել հիպոթետիկ հնարավորությունները: Ես գիտեմ, որ «հատուկ կարծիքի» վերաբերյալ, բացի խոսակցություններից, ոչինչ չկա: Նիստի սկզբից, նիստի արդյունքներով որևէ «հատուկ կարծիք» չի ձևավորվել, ի՞նչ ենք մենք այդ պարագայում քննարկում, այն ինչ չկա՞: Եթե ձևավորվի, եթե պարզաբանվի, թե ինչ փաստարկ է ընդգրկվել այդ «հատուկ կարծիքում», մենք կդատենք, թե որքանով է այն ՌԴ-ի համար ընդունելի: Ինձ համար կարևոր է, որ այս պահին Հայաստանի՝ ՄՄ անդամակցության ճանապարհին խոչընդոտներ գոյություն չունեն:

– Շատ է քննարկվում, թե որը կլինի ԼՂ-ի կատարյալ ձևաչափը ՄՄ-ում:

– Ուզում եմ պարզաբանել, որ Ղարաբաղի կարգավիճակը պաշտոնական մակարդակում չի քննարկվել: Հայաստանում քննարկում են, բայց Հայաստանի մասնակցությամբ պաշտոնական բանակցություններում այդ հարցը չի քննարկվել: Դա բացարձակապես այլ խնդիր է, բարդ խնդիր է, այդ խնդրին են միտված եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների ջանքերը և այլն, և այլն: Ինչո՞ւ այդ խնդրով այսօր ծանրացնել ՄՄ-ի շուրջ բանակցությունները: Իմ կարծիքով՝ դա բացարձակապես տեղին չէ:

– Այսինքն՝ այս խնդիրը, որի մասին խոսում է Նազարբաևը, պետք է շրջանցե՞լ:

– ՄՄ-ն, որպես միություն, որը զբաղվում է տնտեսական տարածքի զարգացմամբ, չի հրապուրվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով: Որևէ պարտավորություն ՄՄ-ն իր վրա չի վերցրել, չի արտահայտվել այս մասին: Ներկայումս էլ, դիտարկելով Հայաստանի հայտը, ԼՂ-ի հայտ գոյություն չունի: Ես կցանկանայի հարցնել՝ տարօրինակ չէ՞ արդյոք քննարկել Ղարաբաղի անդամակցությունը ՄՄ-ին, եթե Հայաստանն ինքը, հայտնի պատճառներով, Ղարաբաղը չի ճանաչել, որպես պետություն: Դուք ՄՄ-ից, որին դեռևս չեք անդամակցել, պահանջում եք ավելին ԼՂ-ի վերաբերյալ, քան ինքնին Հայաստանի՞ց:

Իմ կարծիքն այն է, որ չի կարելի ՄՄ-ն ծանրացնել նման հարցերով և չպետք է բարդություններ հարուցել: Հնարավոր է, որ որևէ մեկը շատ հետաքրքրված է, հնարավոր է նաև Հայաստանում, որպեսզի արգելափակի Հայաստանի՝ ՄՄ անդամակցության գործընթացը՝ անընդհատ ԼՂ-ի կարգավիճակի հարցը բարձրացնելով: Ես տեսնում եմ, որ նման գիծ ակնհայտորեն առկա է: Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին, բարձրացնում են այս հարցը: Իսկ որևէ մեկը բարձրացնո՞ւմ էր այդ հարցը, երբ խոսքը ԵՄ-ի հետ ասոցացման մասին էր: Փորձագետները կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում այն, ինչը կարող է բանակցությունների օրակարգում չլինել, բայց ոչինչ չի մնում ասել, քան այն, որ այս հարցը որևէ մեկը չի բարձրացնում, չի քննարկվում ՄՄ-ում: Դա փաստ է:

– Բայց, պարոն Զատուլին, այդ հարցը բարձրացնում է Ղազախստանի նախագահ Նազարբաևը: Նա հարց է բարձրացնում, թե որտեղով է անցնելու ՄՄ-ի սահմանը:

 Նազարբաևը, որպես ինքնիշխան երկրի ղեկավար, ցանկացած թեմա կարող է քննարկել, բայց այս պահին ես խոսում եմ ելնելով այդ նիստի արդյունքներից: ԼՂ-ի վերաբերյալ այնտեղ ոչինչ չի ասվել: Այդ «հատուկ կարծիքն» էլ ոչ մի փաստաթղթով ամրագրված չէ:

– Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մամուլի հրապարակումների համաձայն՝ ավանդաբար աշխատում են ՌԴ-ի հետ, դեմ են դուրս եկել ռուսական «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագրերին, իսկ իշխանությունը, որը վերջին տարիներին համարվում էր եվրոպամետ, կարծես դարձել է ռուսամետ: Հայաստանյան քաղաքական դաշտի ներկայիս պատկերը գոհացնո՞ւմ է արդյոք ՌԴ-ին:

– Ես լավ չեմ հասկանում ինչ է ասել է «աշխատել»: Ռուսաստանում տարբեր քաղաքական գործիչներ տարբեր կապեր ունեն Հայաստանի հետ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Ի դեպ, ես որքան հասկանում եմ՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն չի հանդիսանում, այդ կուսակցությունը վերջնականապես չի հստակեցրել իր դիրքորոշումը, մի կողմից քննադատում է իշխանությանը, մյուս կողմից չի անցնում ընդդիմություն: Կան շատ տարբեր կապեր, բայց ինչ է նշանակում աշխատել, այսինքն՝ աջակցե՞լ, այդպիսի բան չի եղել երբեք: Ռուսաստանը պետությունների մակարդակով ներկայումս համաձայնագրեր է կնքում ՀՀ ներկայիս նախագահի հետ, անկասկած, իսկ ներքաղաքական հարցերին ՌԴ-ն որևէ կերպ չի խառնվում, դա այն հարցն է, որը լուծում է ՀՀ իշխանությունը: Այսինքն, եթե ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը դեմ է այդ համաձայնագրերին, դա իր իրավունքն է: Երբ նրանք իշխանություն լինեն, թող այդ ամենը ավելի լավ կազմակերպեն ու իրականացնեն: Իրական հնարավորություններ դրա համար ներկայումս չեմ տեսնում: Ընդդիմության գործառույթը հենց դա է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031