Ատենախոս Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ոչ հրապարակային անցկացումն ու պաշտպանության հրապարակայնության հանդեպ ՀՊՏՀ-ի և ատենախոսի տածած վախն ինքնին կասկածանքների տեղիք են տալիս և ստիպում մտորելու, որ կամ ատենախոսը չի տիրապետում թեմային, կամ ՀՊՏՀ ղեկավարությունն ու համապատասխան մասնագիտական հանձնաժողովը չեն պատրաստվել սահմանված ընթացակարգով կազմակերպելու հրապարակային պաշտպանությունը և ներսում տեղի ունենալիք ինչ-որ բաներ նպատակահարմար չեն համարվել հանրայնացնել, կամ եղել է մի երրորդ հանգամանք, որը ստիպել է վերջիններիս վաղօրոք արգելել լրագրողների մուտքը պաշտպանության վայր:
Ամեն դեպքում՝ պաշտոնական պատճառաբանություններն առ այն, թե դահլիճը փոքր է, հեռու է տրամաբանական փաստարկ լինելուց, քանի որ.
1. դահլիճի փոքրությունը սովորաբար երևում է այն բանից հետո, երբ ներս են մտնում բոլորը, այդ թվում՝ լրագրողները, և ստիպված են լինում կամ մնալ ոտքի վրա, կամ մուտքի դռան առաջ՝ դժվարանալով ներս մտնել, և անգամ այս պարագայում ոչ ոք իրավունք չուներ արգելելու լրագրողներին՝ թեկուզ դռնից հետևելու ներսում կատարվող գործընթացին: Չենք կարծում, որ լրագրողներն այնքան անտաշ պետք է գտնվեին, որ աղմուկ-աղաղակով խանգարեին պաշտպանությունը: Կրկնում ենք, ՀՊՏՀ ղեկավարությունը վաղօրոք արգելել էր անգամ մեկ լրագրողի մուտքը դահլիճ, ինչն ինքնին կասկածելի է;
2. ՀՊՏՀ ռեկտորատը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ատենախոսը հանրային անձնավորություն է և ապահովեր ավելի մեծ դահլիճ, որի հնարավորությունը, կարծում ենք, բուհում կար:
Կարդացեք նաև
Քննվող դեպքի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ լրագրողներին արգելել են ներս մտնել ոչ թե ոստիկանները, այլ՝ հենց բուհի ուսանողները, որոնց առյուծի բաժինը, բնականաբար, ուսանողական խորհրդի կամ բուհական այլ մարմինների ներկայացուցիչներ էին:
Դեռ ուսանողական տարիներից, հանդիսանալով հասարակականապես ակտիվ ուսանողության ներկայացուցիչ, բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ բուհի ուսանողական խորհուրդը չպետք է հանդիսանա բուհի ղեկավարության կամակատարը, որ ՈւԽ-ն պետք է ծառայի ոչ թե ռեկտորատին, այլ՝ ուսանողին, որ այս մարմինը պետք է լինի իր իրավունքների տերը, բուհի կառավարման մեջ իր 25 տոկոս մասնաբաժնի իրական տնօրինողը: Ցավոք՝ համատարած հանրապետականացումը, ՈւԽ-ն ռեկտորատի գործակալական հատուկ ցանցի վերածման տխրահռչակ ավանդույթների վերածնումը շարունակում են ՈւԽ-ները, հետևաբար նաև՝ ուսանողական դաշտը, պահել համատարած լճացման մեջ: Փաստորեն, ՈւԽ-ները ոչ թե կատարում են ուսանողության շրջանում իրենց վերապահված հույժ կարևոր դերակատարությունը, այլ վերջիններս վերածվել են գործիքի, միջոցով բուհի ղեկավարության կողմից, բառիս վատագույն իմաստով, վերահսկվում է ուսանողական դաշտը:
Ատենախոս Տ. Մարգարյանի ոչ հրապարակային պաշտպանությունը հանրայնացրեց նաև այն զզվելի փաստը, որ ՈւԽ-ներն արդեն բուհերում ունեն նաև ոստիկանի լիազորություններ:
Այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ ՀՊՏՀ ռեկտորը, փոխանակ ոստիկաններ կանչի և հեռացնի լրագրողներին վիրավորող և վերջիններիս ազատ աշխատանքը խափանող ուսանողներին, ընդհակառակը՝ արդարացնում է վերջիններիս կողմից իրականացրած, ըստ էության, օրինախախտ արարքը՝ ինքնին դառնալով նշյալ օրինախախտության մասնակից:
Իր հերթին՝ ցանկացած հեղինակավոր բուհի նույնքան հեղինակավոր ՈւԽ-ի համար պատիվ չէր բերի այն դառն իրողությունը, որ սեփական բուհի տարածքում խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, ավելին` վերջինս արժանանում է անպատկառ վերաբերմունքի: ՈւԽ-ն կյանքի է կոչված հենց նաև ա՛յս իրողությունների դեմ պայքարելու համար: Ցավոք, մեր դեպքում ամեն ինչ շրջված է գլխիվայր: Փաստորեն ժամանակն է, որ ՈւԽ-ներին այսուհետ կոչեն “Ռեկտորատին կից հատուկ ծառայությունների և ոստիկանության բաժին”:
Տարոն Մարգարյանի արդեն՝ ոչ հրապարակային և այդպիսով՝ կասկածելի պաշտպանության միջոցով տնտեսագիտության թեկնածու քաղաքապետ ունենալու հետ մեկտեղ ունեցանք նաև.
1. Ուսանողական խորհուրդ հասկացողության հերթական խեղաթյուրում և բուհում անառողջ ուսանողական մթնոլորտի արմատացում;
2. վիրավորանքի ու ծաղրի արժանացած լրագրողներ, որոնց աշխատանքը խոչընդոտվեց այսօրվա և վաղվա մտավորականի կողմից;
3. ատենախոսության՝ հրապարակային կոչվող պաշտպանության ոչ հրապարակային դառնալու տխրահռչակ ավանդույթի ձևավորում:
Միայն առաջին 2 կետերը բավական են, որ ԿԳ նախարարությունը և ՀՊՏՀ կառավարման խորհուրդը համատեղ արտագնա նիստ հրավիրեն, որի օրակարգային կետերը պետք է դառնան բուհի ներքին կազմակերպական-կարգապահական, ՈւԽ-ի ղեկավար կազմի և ռեկտորի հրաժարականի հարցերը:
Հ.Գ. 2010 թ. սեպտեմբերի 14-ն իմ համար նվիրական օր էր. այդ օրը ես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի համապատասխան մասնագիտական խորհրդում պաշտպանեցի իմ թեկնածուական ատենախոսությունը: Ուրախ կլինեի, ավելին` ամեն ինչով կօժանդակեի, որ լրագրողները լայնորեն լուսաբանեին պաշտպանությանս ընթացքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ատենախոսի պատիվ է բերում պաշտպանության մարդաշատությունը, այդ թվում՝ լրագրողների ներկայությունը, եթե, իհարկե, վերջինս խորապես տիրապետում է իր թեմային և պատրաստ է հիմնավորապես պատասխանելու յուրաքանչյուր հարցի: Համոզված եմ նաև, որ թե՛ մասնագիտական խորհուրդը, թե՛ պատմության ինստիտուտի ղեկավար անձնակազմը, անգամ դահլիճային անհարմարության, ատենախոսի ամենախիստ հրահանգի կամ քմահաճության դեպքում, չէին կարգադրի իրենց ուսանողներին՝ փակելու լրագրողների ճանապարհը, վիրավորելու կամ ցուցաբերելու այլ, լրագրողի մարդկային և մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող պահվածք:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու
Տարոոոոոն, բալաաաաաա, ապին ասըմ ա՝ -մատաղըտ տառնամ, սուրուն չի։
՚ԱԺ նախագահը դատապարտում է եւ կպատժի տնտեսագիտականի ռեկտորին՚
Այս փաստը միայն մի բան է նշանակում՝ ուզում են իրենց քրեական հանցագործություն կատարած մանկլավիկներին ազատել քրեական պատասխանատվությունից:
Դա էլ սրանց կհաջողվի, կասկած չկա․․․