ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` թրաֆիքինգի մեղադրանքով 2012թ. ապրիլի 8-ից կալանքի տակ գտնվող Ա. Խաչատրյանն արդարացվեց: Ա.Խաչատրյանի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Նախաքննական մարմնի կողմից Ա. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, թե իբր նա օգտագործելով Աննա Գ-ին տարիներ շարունակ իր տիրապետման տակ` շահագործման մեջ, վախի մթնոլորտում պահելու՝ նրա մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, Թուրքիայում Աննա Գ-ին պոռնկության, սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով կավատությամբ զբաղվող` գործով դեռևս չպարզված ոմն Եկատերինայի և այլոց հետ, խաբեությամբ` Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելով առավել գումարներ վաստակելու հնարավորություն ընձեռելու պատրվակով, հավաքագրել, իսկ 2006 թվականի հունվարի 14-ին իր անձնական միջոցներով նրան տեղափոխել է Թուրքիա:
Ըստ դռնփակ դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների, վերջինս գործով դեռևս չպարզված անձի միջոցով հանձնվել է ոմն Եկատերինային, որը Թուրքիայի տարբեր քաղաքներում շուրջ չորս ամիս նրան դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ:
Նշենք, որ այդ մեղադրանքով հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործի քննության արդյունքներով դատարանը հանգել է այն եզրակացության, որ նշված մեղադրանքը հիմնավորված և ապացուցված չէ, որի հիմքով կայացրել է Ա. Խաչատրյանին արդարացնող դատական ակտ: Նշված դատավճիռը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի կողմից: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից գլխավոր դատախազի տեղակալի բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ չի ընդունվել վարույթ և արդարացման դատավճիռը մնացել է օրինական ուժի մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ