«Մինչ այժմ մեր նախարարությունն հատվածական որոշ նախաձեռնություններ ունեցել է երիտասարդ գիտամանկավարժական ուժի խրախուսման առումով, բայց 2013 թվականին մենք որոշում կայացրեցինք, որ այս հատվածական նախաձեռնությունները պետք է ամփոփել մի տիրույթում եւ ոչ միայն դարձնել համակողմանի, այլեւ՝ ամենամյա»,- դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Լավագույն գիտական նախագիծ-2013» միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Մրցույթը հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից: Մրցույթին ներկայացվել էին 40 աշխատանք, որոնցից հանձնաժողովը առանձնացրել է լավագույն 9 աշխատանքները, մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 1800000 դրամ:
Միջոցառման ընթացքում նաեւ հայտնի դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայտարարած մրցույթի արդյունքները: ԳԱԱ մրցանակը հիմնվել է 2 տարի առաջ եւ շնորհվում է երիտասարդ գիտնականներին կոնկրետ բնագավառում, նա հանդիսանում է ԳԱԱ երիտասարդ գիտնականներին հատկացված ամենաբարձր մրցանակը: Այս տարի ներկայացվել էին կենսաբանության բնագավառում 5 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր հոդվածաշարներից, որոնցից ընտրվել է Երեւանի պետական համալսարանի գիտաշխատող Կարեն Թռչունյանի աշխատանքը:
Կարդացեք նաև
Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կատարած աշխատանքի թեման էր բակտերիաների կողմից մոլեկուլային ջրածնի արտադրությունը գլիցերինի խմորման ընթացքում.
«Նա ունի մեծ կիրառական նշանակություն եւ գլիցերինի խմորումը 2006 թվականին է բացահայտվել եւ մենք փորձել ենք այդ ուսումնասիրություններում մեր ներդրումը ունենալ եւ 2008 թվականից կատարել ենք այդ աշխատանքները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ