Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը Կապանում հանդիպում ունեցան կուսակցության անդամների եւ քաղաքացիների հետ: Վերջիններս Կապանի մշակույթի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում խոսեցին երկրի ներքին եւ արտաքին քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի, վերջին զարգացումների մասին: Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանն արտահայտեցին իրենց անձնական, կուսակցության դիրքորոշումները եւ ներկայացրեցին առաջարկվող լուծումները:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դահլիճում հավաքված կապանցիներն այն կարծիքին էին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն պաշտպանում Հայաստանի շահը: «Բոլորն այն կարծիքին էին, որ միանշանակ պետք է այս կեղծված իշխանություններին հեռացնել՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Ժողովրդի կողմից ցանկություն կա պայքարելու ստեղծված իրավիճակը փոխելու համար: Արտաքին մարտահրավերները բավականին լուրջ են..»- ասաց պարոն Մարտիրոսյանը: Հանդիպումը թեեւ անցկացվել էր աշխատանքային ժամին, բայց դահլիճը գրեթե լիքն էր ու ներկա էին երիտասարդներ, միջահասակներ եւ տարեցներ: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ տոներից հետո նման հանդիպումներ կանցկացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում եւս, մեկնարկը տրվել է Կապանից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ