Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին և որոշել այն ներկայացնել Ազգային ժողով: Ըստ այդմ՝ «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ»:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագծերի ընդունմամբ կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Aravot.am-ի հետ զրույցում մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նախաձեռնությունը ողջունելի համարեց: «Վաղուց ասում էինք, որ Հայաստանում պետք է լինի Հանրային հեռուստատեսություն, որի հաղորդումները հանդիսականները իրավունք ունեն դիտելու առանց գովազդային ընդմիջումների: Երբեմն ասում են, թե միայն բյուջեով հնարավոր չէ յոլա գնալ, բայց փաստն այն է, որ հանրային հեռուստատեսության խնդիրներն ու նպատակները տարբերվում են մասնավոր հեռուստաընկերությունների խնդիրներից ու նպատակներից: Դրանք պարզորոշ շարադրված են ՀՀ Սահմանադրության մեջ եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 28-րդ հոդվածում , որոնց համաձայն պետք է կրթական, մշակութային ,տեղեկատվական եւ այլ բազմազանություն ապահովվի: Հանրայինի նպատակը դա՛ պետք է լինի, ոչ թե շահույթ ստանալը: Ի դեպ, շատ երկրներում հանրային հեռուստատեսություններն աշխատում են առանց գովազդի»,-ասաց պարոն Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից