Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել ուժային կառույցներում:
Դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը եւ Իշխան Խաչատրյանը աշխատանքային այց կատարեցին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու 2013 թ.ձմեռային զորակոչի ընթացքին:
ԱԺ պատգամավորները զրուցեցին նորակոչիկների ու նրանց ծնողների հետ, հետեւեցին առաջին անգամ ձմեռային այս զորակոչի ժամանակ կիրառվող նորակոչիկների տեղաբաշխման վիճակահանության ընթացքին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը հավաստիացրեց, որ կենտրոնական հավաքակայանից ըստ զորամասերի զորակոչիկների բաշխման վիճակահանության կարգն արդարացված է ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, այլեւ մասնագիտական տեղաբաշխման արդյունավետության առումով: Վիճակահանությանը ներկա զորակոչիկների ծնողները նոր կարգի ներդրման համար իրենց գոհունակությունը հայտնեցին:
Պատգամավորները եղան նաեւ ռազմաբժշկական հանձնաժողովում, ծանոթացան նորակոչիկների բուժզննման կարգին, հետաքրքրվեցին նրանց ընդհանուր առողջական վիճակով եւ բացահայտվող հիվանդությունների վիճակագրությամբ, այնուհետեւ այցելեցին ուսումնական կենտրոն եւ ծանոթացան նորակոչիկների հետագա ուսումնառության ձեւերին, զինվորական մասնագիտությունների պահանջարկի հաշվառման ու պլանավորման աշխատանքներին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ