Չնայած դրան` նա ցանկություն չունի վերադառնալ Հայաստան:
ՀՀ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանի բողոքը` վերացնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով պարտավորեցվում էր վերացնել Տիգրան Կոստանյանի իրավունքները խախտող որոշումները:
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման արդյունքում Տիգրան Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է ոչ թե հանցակազմի բացակայության, այլ իրադրության փոփոխման հիմքով:
27-ամյա Տիգրան Կոստանյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ:
Կարդացեք նաև
1998 թվականին, երբ Տիգրանը 13 տարեկան էր, սոցիալական ծանր վիճակից ելնելով, ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիայի Թագավորություն:
Ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր նրա հայրը՝ Սեյրան Կոստանյանը, տղայի 17 տարին լրանալուն պես պարբերաբար դիմել են Իսպանիայի Թագավորությունում հայկական դեսպանատուն՝ ՀՀ պատկան մարմիններից վերադարձի համար անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու, սակայն՝ ապարդյուն: «Նա ցանկացել է վերադառնալ, փորձեր արել է, բայց դեսպանատունը այդպես էլ ոչ մի պատասխան չի տվել: Հիմա էլ քրեական գործ են հարուցել: Տղաս ուզում է գալ Հայաստան, բայց այսպես խոչընդոտում են: Այսպես են իրականացնում «Արի տուն» ծրագիրը»,-ասել էր Տիգրանի հայրը:
Տիգրան Կոստանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը անօրինական է համարում:
Նա ասում է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը հիմնավորված, պատճառաբանված չէ:
«Ես զարմացած եմ վերաքննիչ դատարանի որոշման հետեւություններից եւ ընկալումներից, որովհետեւ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից եւ իր լիազորությունների շրջանակից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը պաշտպանի ներկայացրած բողոքները ընդհանրապես պետք է քննության առարկա չդարձներ, որովհետեւ դրանք բողոքարկման ենթակա որոշումներ չեն, այն դեպքում, երբ դատախազը իր բողոքում նման պահանջ չի ներկայացրել»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ թեեւ այժմ իր պաշտպանյալը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր, եւ կարող է վերադառնալ հայրենիք, արդեն իսկ Հայաստան վերադառնալու ցանկությունը կորել է:
«Մեր պահանջն այն էր, որ իմ պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի արդարացման հիմքով: Այս պայմաններում Տիգրան Կոստանյանը չի էլ ցանկանում վերադառնալ»,-եզրափակում է փաստաբանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ