Այսօր տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին մարզում կատարված ու չկատարված աշխատանքները:
Ի տարբերություն Շիրակի նախորդ մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի, որն ամփոփիչ մարզխորհրդի նիստը մշտապես անցկացնում էր այսպես ասած Գյումրու կուսանոցում, Անի թաղամասում գտնվող «Տիրամայր Հայաստան» կառույցում, որպեսզի մեծ դահլիճի առկայության պայմաններում կարողանա նիստից հետո ճոխ հյուրասիրություն կազմակերպել՝ ներկայիս մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն այն անցկացրեց Շիրակի մարզպետարանի համեստ, օդափոխությունից զուրկ դահլիճում: Նա, ի տարբերություն Աշոտ Գիզիրյանի, գյուղապետերին Ամանորի կապակցությամբ պատիվ չտվեց, չհյուրասիրեց:
Մարզի գլխավոր ֆինանսիստի`մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի ելույթից պարզ դարձավ, որ մարզում սեփական եկամուտները կատարվել են 92.5 տոկոսով: Սեփական եկամուտների հավաքագրմամբ ամենացածրը Աշոցքի տարածաշրջանն է, թեև, ըստ զեկուցողի, անցած տարվա հետ համեմատած, այստեղ ևս աճ կա`20 տոկոսով: Իսկ մարզի երեք քաղաքային համայնքներում, օրինակ` Գյումրիում, սեփական եկամուտները կատարվել են 95, 9 տոկոս` նախորդ տարվա 77,5 տոկոսի փոխարեն: Արթիկը կատարել է 89,4 տոկոս`նախորդ տարվա հետ համեմատ 12,4 տոկոսով ավելի, իսկ Մարալիկը կատարել է 94,4 տոկոս: Այս տարի մարզում, նախորդ տարվա հետ համեմատ, հավաքագրվել է 82 միլիոն 900 հազար դրամ ավելի գումար:
Կարդացեք նաև
Մարզի գլխավոր ֆինանսիստից հետո ելույթ ունեցավ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Վերջինս ներկայացրեց իր ոլորտը, սակայն նրան ընդհատեցին երկու գյուղերի գյուղապետեր. Կարմրավանի գյուղապետը դժգոհեց, որ ճանապարհները չեն մաքրվում, մինչդեռ իր գյուղի երեխաները հարևան գյուղի դպրոց ոտքով են գնում: Նույն բողոքը ներկայացրեց նաև Կրասարի գյուղապետը `դժգոհելով, որ իր գյուղի ճանապարհները մաքրելը ներառված չէ այս տարվա ծրագրում:
«Եթե չկա ձյունը փչող տեխնիկա, ինչ ասեմ,` թող ամենաուժեղ տղեն գա Կրասարի ճամփեն բացի, այն փակված է» , -նեղվեց գյուղապետը:
Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ հիշեցրեց, որ անցած տարի Կրասարի ճամփեքը ուրիշի հաշվին են մաքրել, այսինքն մի տեղից կտրել, ուղղորդել են Կրասարին: «Ես չեմ ուզում Կրասարը ուրիշի հաշվին մաքրեն», –նետեց գյուղապետը:
Գյուղապետի վերջին խոսքի վրա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նստեցրեց վարչության պետին ու ինքը սկսեց պատասխանել այս հարցին, և խոսեց մարզում կատարված աշխատանքների ու խնդիրների մասին:
Մարզպետը հընթացս նաև վարվեցողության, էթիկայի, հիգենա ձեռք բերելու դասեր տվեց մարզի բժիշկներին ու նաև գյուղապետերին:
Մարզպետի հաշվետվությունը`տեսանյութում :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ