Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի տեղեկացմամբ՝ դատախազը ոստիկանությունում հանդիպել էր տուժողին, հորդորել՝ փոխել ցուցմունքը

Դեկտեմբեր 26,2013 17:35

 

 

Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Ինեսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

 

Ինեսա Պետրոսյանը ներկայացնում էր Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի շահերը:

 

Նրա պաշտպանյալները բարձրագույն կրթությամբ են, Խաչիկը ԱՎՄ անդամ է, ազատամարտիկ, անչափահաս երեխաների հայր:

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, մուրացկանությամբ զբաղվող, մտավոր դեբիլություն ունեցող Սպարտակ Հայրապետյանից եւ նրա հանգուցյալ հորից 181 000 եւ 45.700 դրամ հափշտակելու համար:

 

Ինեսա Պետրոսյանը դատարանում հղում արեց Սպարտակ Հայրապետյանի այն ցուցմունքին, որով նա հայտնել էր, թե իրենց տուն որեւէ մեկը չի եկել, իրենցից գումար չեն գողացել, եւ որ իրեն ստիպել է նման բան ասել հանգուցյալ հայրը:

 

Պաշտպանը դատարան էր ներկայացրել իր իսկ կողմից ձեռք բերված ապացույցը՝ տեսաձայնագրություն, որտեղ տուժողը պաշտպանին հայտնում է, որ իրեն Սյունիքի մարզի ոստիկանության բաժին են տարել հարկադրաբար, այնտեղ եղել է մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Հայկ Պետրոսյանը, քրեականի աշխատակցի՝ Գրիշիկի ներկայությամբ ասել են դատարանում ցուցմունք տա, որ գումարը ամբաստանյալն ու նրա ընկերն են գողացել: Եվ որ ինքը վախենում է դատախազից: Ի դեպ, երբ դատախազը ներկայացրեց իր առարկությունները, նա էլ հենվեց տուժողի մեկ այլ հայտարարության վրա, որով տուժողը հայտնել էր, թե վախենում է Արայից եւ որ նա ու Խաչիկն են գողություն կատարել:

 

Մի դեպքում Ինեսա Պետրոսյանին տուժողն ասել էր, թե իրեն ստիպել է սուտ ցուցմունք տա հայրը, մի դեպքում՝ դատախազը, քրեականի պետը, ապա՝ Արայից է վախենում, ինչը ակնհայտ վկայում էր այն մասին, որ տուժողն ի վիճակի չէ արժանահավատ ցուցմունքներ տալու:

 

Ինեսա Պետրոսյանն անդրադարձավ նախաքննության ողջ ընթացքին, առերեսումներին, ապացույցներին, եւ միջնորդեց, որ մի շարք ապացույցներ, որոնք վերաբերելի չեն այս գործին, չճանաչվեն իբրեւ ապացույց:

 

Գործը դատարան է ներկայացվել առանց ճանաչում քննչական գործողություն կատարելու:

 

Ինեսա Պետրոսյանը խնդրում էր արդարացնել իր պաշտպանյալներին, ազատ արձակել նրանց դատարանի դահլիճից, եւ գործում առկա կեղծ ապացույցների կիրառումն էլ ճանաչել անթույլատրելի:

 

Այս գործով մի սկանդալ էլ կապված է եղել ընթերակայի հետ. ընթերակա է համարվել Վլադիմիր Մալունցը, սակայն արձանագրվել է Թելունց:

 

Մեղադրող Հայկ Պետրոսյանն անհիմն համարեց պաշտպանի բողոքը, նա այդ հիմքով դիմեց, որ դատարանը ուժի մեջ թողնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

 

Ինեսա Պետրոսյանի կողմից արված տեսաձայնագրությունը նա համարեց «փողոցային ձայնագրություններ», ինչին պաշտպանն արդեն իսկ իր բողոքում վկայակոչելով փաստաբանության մասին օրենքը, հակադարձել էր, որ պաշտպանը կարող է ձայնագրել, տեխնիկական բոլոր միջոցներով ու օրենքով սահմանված կարգով կարող է ձեռք բերել ապացույցներ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ գործի համար: Ի դեպ, Ինեսա Պետրոսյանը հուլիսի 2-ին ձայնագրել էր տուժողին, իսկ դատարանն այդ կապակցությամբ հարցաքննել էր տուժողին օգոստոսի 24-ին:

 

Հայկ Պետրոսյանը չհրաժարվեց, որ տուժողին տեսել է ոստիկանությունում, իր ասելով, հարցրել է, թե ինչ է անում ու հեռացել է:

 

Նա հաստատված համարեց այն, որ Հայրապետյաններից գողություն են կատարել ամբաստանյալները:

 

Դատարանը մերժեց Ինեսա Պետրոսյանի բողոքը:

 

Գորիսից Երեւան եկած ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանի հարազատները լաց լինելով լքեցին նիստերի դահլիճը, իսկ Արան, որը նախորդ անգամ դատավճռից հետո ինքնավնասման էր դիմել, դատական նիստի ժամանակ շտապօգնություն էր կանչվել նրա համար, չէր ուզում շարժվել, ոտքի կոտրվածքն ու հոգեկան ցավը զգացնել էին տալիս:

2289

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031