Լրահոս
Օրվա լրահոսը

300 միլիոն դոլարի պարտք չի՞ եղել և գազային պայմանագրի կնքահայրը Կարեն Կարապետյա՞նն է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2013 17:32

«Եթե Սուքիաս Ավետիսյանը չի գալիս Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին` հասկանալով, որ օրենքի կոպտագույն խախտում է տեղի ունեցել, ապա լավ կլինի հրապարակային դա հայտարարի: Եթե քաղաքական դրդապատճառով չի գալիս` մտածելով, որ ոչ իշխանական ուժերն են, և ամեն ինչ կանխակալ է, ապա ասեմ, որ նման բան չկա»,-ԱԺ հաշվիչ հանձնաժողովի`այսօր հրավիրված արտահերթ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի չմասնակցելու կապակցությամբ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Այնուհետև նա ուշադրություն հրավիրեց «գազային համաձայնագրի» որոշ կետերի և նշեց, որ համաձայնագրում Հայաստանի շահ հնարավոր չէ գտնել. « Ներկայացվեց անհասկանալի պարտքի՝ 300 մլն դոլարի գոյացման հարցը: Վերցրեք «ՀայՌուսգազարդի» նախորդ հաշվետվությունները նայեք՝ 2010 թ., 2011 թ., 2012 թ., չեք գտնի այնտեղ այսպիսի պարտք: Ավելին` այս հաշվետվությունների աուդիտ է իրականացրել աշխարհահռչակ PricewaterhouseCoopers կազմակերպությունը, և եթե լիներ այնպիսի դեպք, PricewaterhouseCoopers-ը պարտավոր էր դրա մասին հղում կատարել և հրապարակել: ՀՀ-ն, լինելով 20% բաժնետեր, իրավունք ուներ աուդիտ պահանջել: Քանի որ այդ ամենը չի արվել, վստահաբար կարող ենք ասել՝ 300 միլիոն դոլարի պարտք չի եղել: Իմ դիտարկմամբ՝ սա մի քանի խմբերի կողմից յուրացված գումար է, որը պետք է վճարի ՀՀ ժողովուրդը »:

Պարոն Մինասյանը կարծում է, որ «գազային համաձայնագիրը» անտեսում է ՀՀ օրենսդրությունը , ինչպես նաև հավելում. «ՀՀ-ն այդ համաձայնագրով հրաժարվում է միջազգային իրավունքի սկզբունքով տրվող անձեռնմխելիությունից: Այս համաձայնագրով Հայաստանը հրաժարվում է բոլոր հնարավոր անձեռնմխելիությունից, օրինակ` որոշակի բռնագանձում գույքի նկատմամբ, միջազգային դատական կարգով իր իրավունքների պաշտպանություն: Ուստի ավելի արժանապատիվ կլիներ այդ 20 տոկոսը նվիրել Ռուսաստանին, քան նման խայտառակ համաձայնագիր ստորագրել»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց էլեկտրաէներգիայի սակագնին ու ասաց. «Մենք բոլորս մոռացել ենք, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի մեջ տեղի է ունեցել 32 տոկոս բարձրացում, իսկ գիշերայինում` 40 տոկոս բարձրացում: Իսկ Հրազդանի ՋԷԿ-երում սակագինը 54 և 44 դրամ է, իսկ մենք գնում ենք 30 դրամով, այնպես որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում սպասենք»:

Վահագն Խաչատրյանը նշում է, որ «գազային համաձայնագիրը» պատրաստ է եղել դեռ հունիսին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց. «Եթե հանկարծ երեսուն տարվա ընթացքում հայտնվի ռուսական մեկ այլ գազային ընկերություն, ով ավելի էժան գազ ուզենա ՀՀ մատակարարել, մենք չենք կարող այդ առաջարկը ընդունել, քանի որ միայն «Գազպրոմն» է դա անելու….բանակցություններ վարողը ուժեղ է իր թիկունքով: Կարևոր չէ, թե կոնկրետ ով է վարել բանակցությունները, կարևորը թիկունքն է, կառավարության տեսակետը, որը հիացած է այս համաձայնագրով»:

Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց` այս խնդրում իր մեղավորության բաժինը չունի՞ արդյոք «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, ով հիմա գործունեություն է ծավալում ՌԴ-ում: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն եմ, որ ամենակարևոր պատասխանատուներից մեկը հենց Կարեն Կարապետյանն էր, նա էր գազային պայմանագրի տրամաբանության կնքահայրը: Ողջ «ՀայՌուսգազարդը» աշխատում էր ոչ թե ՀՀ քաղաքացիների շահը պաշտպանելով, այլ նրա և Ռուսաստանի»:

Վահագն Խաչատրյանը հիշեցնում է Կարեն Կարապետյանի խոստումները. «Նա խոստանում էր, որ 2014-15-ին 4 միլիոն խորանարդ մետր գազ է ներմուծվելու Հայաստան, որ Հայաստանը դառնալու է էներգիա արտահանող միակ ու կարևոր երկիրը: Իր գաղափարն էր, որ ողջ ՀՀ-ն գազաֆիկացվեր, և հիմա այդ Հայաստանը մեծ պրոբլեմ է դարձել, քանի որ Հայաստանում գազ չի սպառվում ու դա մնում է այն մարդկանց վրա, որոնք գազ են սպառում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031