Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի հայտնագործություն՝ ճանապարհին

Դեկտեմբեր 26,2013 17:11

Լինելով վարորդ, այսինքն՝ ըստ էության, հայրենական պետավտոտեսչության կողմից «հետապնդվող» եւ «հալածվող», երբեք չէի մտածի, որ կարող է հիանամ ճանապարհային ոստիկանով: Բայց այդ օրն էլ եկավ:

Այնպես ստացվեց, որ այս տարվա ամենացուրտ օրը, երեւանյան ամենաբանուկ «ոլորաններից» մեկում՝ Հրաչյա Քոչար փողոցի սառցակալած «կամրջի» վրա, մեր մեքենայի ղեկը անշարժացավ՝ անհույս եւ կարծես անդարձ:

Մեքենան խափանված կանգնած էր, իսկ վարորդը՝ անփորձ երիտասարդը, գլուխը բռնած-կանգնած էր: Մեզ բոլոր կողմերից շրջանցող վարորդները «թարս» նայում ու կարծես մտքում հայհոյում էին:

Հենց այդ ժամանակ էր, որ մեքենայի վառվող լույսերի առջեւ հայտնվեց նա: ՃՈ աշխատակիցը դուրս գալով ծառայողական մեքենայից, մոտեցավ մեզ եւ շատ կիրթ, գրական հայերենով հետաքրքրվեց՝ «Ի՞նչ է պատահել»: Իմանալով պատճառը, նա, օ՜ հրաշք, «թեւերը քշտելով» խորացավ մեքենայի «կապոտի» մեջ եւ նույնիսկ գտավ խափանման պատճառը: Ցավոք, այն վերացնելու համար հարկավոր էր դիմել մասնագետի:

Իհարկե, մինչ այդ պետք էր մեքենան դուրս բերել անհարմար վայրից, ինչպես ոստիկանն ասաց՝ որպեսզի չխանգարի երթեւեկությանը:

Չեք հավատա, բայց այդ գործն էլ նա արեց. նստեց մեքենայի ղեկին եւ այն մի կերպ հասցրեց մոտակա վերանորոգման կետ՝ արագ շտկելով իրավիճակը: Եվ այդ ամենը, երդվում եմ՝ առանց որեւէ սպասելիքների, ինչպես ասում էր հայտնի մուլտֆիլմի հերոսը՝ բուն՝ « БЕЗ-ВОЗ-МЕЗД-НО»:

Այս ամենից հետո, երբ սկսեցի հարցուփորձ անել՝ նրա անուն-ազգանունն իմանալու համար, ասելով, թե ձեր մասին միշտ վատն ենք գրում, լավին էլ է պետք արձագանքել, նա համեստորեն պատասխանեց՝ «Բայց արժե՞ որ…»:

Իհարկե արժե, պարոն 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակից Տիգրան Գեւորգյան, այն էլ ինչպես արժե: Եթե շատ լինեն ձեզ նմանները, միգուցե մեր ճանապարհները նույնիսկ ջերմանան:

Մարգարիտա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031