Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Ձմեռ պապիներին պիտի հաշվի՞, թե՞ տոնածառի խաղալիքները»

Դեկտեմբեր 26,2013 17:04

«Զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սուքիաս Ավետիսյանը`անդրադառնալով հանձնաժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստին  եւ կայացրած որոշումներին:

Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի`ընդդիմադիր անդամների հրավիրած արտահերթ նիստի ընթացքում բացի նրանից, որ որոշվեց «գազային» համաձայնագրի բաց քվեարկության հարցը վիճարկել ՍԴ-ում, նաեւ ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ եւ քարտուղար:

«Լյուդմիլան ձեռնպահ է եղել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը`հավելելով, որ այդ պարագայում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ չէր կարող ընտրվել: Նկատենք, որ նիստի ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվեց Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը, վերջինս անհամեստ չերեւալու համար ասաց, որ ինքը ձեռնպահ կքվեարկի: Բայց երբ Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ դեպքում որոշումը չի ընդունվի, Լյուդմիլա Սարգսյանը կողմ քվեարկեց իր թեկնածությանը: «Եթե հետո իրենք փոխել են մտադրությունը…համենայնդեպս, ես որևէ բան չունեմ ասելու»:

Մեր հարցին`ինչո՞ւ է նիստը եւ որոշումները զավեշտ համարում, կանոնակարգը հնարավորություն ընձեռում է մեկ երրորդով նիստ հրավիրել, ընդդիմադիրներն էլ հրավիրել են, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ուրեմն, եթե կանոնակարգը նայել են, իրենք իրավունք չունեին նիստ հրավիրելու, իրենք կարող էին նիստի մասին տեղյակ պահել և որ անհրաժեշտություն լիներ, հրավիրել: Ամեն դեպքում, իրենք որևէ իրավական հիմնավորում չունեն նիստ հրավիրելու, իսկ որ զավեշտ է, զավեշտ է, որովհետև Լյուդմիլան հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է, հիմա եթե հետո իրենք հասկացել են, որ թվաբանությունից թույլ են, դա արդեն ուրիշ բան է: Նրանք, ովքեր ներկա են եղել, թող իրենք մեկնաբանեն, ես մեկնաբանություն չունեմ»:

Հարցը`իսկ ով պետք է որոշեր նիստի հրավիրելու անհրաժեշտությունը, անպատասխան մնաց:

Սուքիաս Ավետիսյանը շարունակեց իր դիտարկումները`նույն ոգով. «Ես մի բան ասեմ. կանոնակարգում ցույց տվեք, որ փաստը չհիմնավորված կարող են նիստ հրավիրել: Այդպես լինի, ամեն օր կարող են նիստ հրավիրել: Հաշվիչ հանձնաժողովն ինչի՞ համար է: Ձայներ հաշվելու համար է, չէ՞: Այն աշխատում է հերթական և արտահերթ նստաշրջանի ժամանակ: Հիմա արձակուրդի էս շրջանում ի՞նչ են ուզում, հաշվիչ հանձնաժողովը ի՞նչ ունի անելու: Հիմա էս Նոր տարվա շրջանում իրենք ուզում են ցույց տալ, որ հաշվիչ հանձնաժողով են… ես չգիտեմ՝ ձմեռ պապիներին պիտի հաշվի՞, թե՞ տոնածառի խաղալիքները: Թող հաշվեն, խնդիր չկա, եթե դրանով են ուզում զբաղվել, ուրիշ գործ չունեն անելու»:

Վերջում, Սուքիաս Ավետիսյանը շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին , Սուրբ Ծնունդը. «Տրամադրություններդ բարձր պահեք և նման զավեշտալի բաներով էլ մի զբաղվեք: Ինձ համար դա իրավական որևէ հիմնավորում չունի, եղա՞վ, հիմա իրենք ինչ ուզում են, թող անեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031