Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի բնակիչ Սեյրան Առաքելյանին պատկանող անասնապահական ֆերմայի բնակիչների թիվն ավելացավ եւս երեքով: Ֆերմայի անասնապահ Արտակ Սաֆրազյանն անակնկալի է եկել, երբ անասնագոմում Խումար անունով կովը միանգամից երեք հորթ է ծնել:
Ֆերմերն անկեղծանում է, որ իր կյանքի 55 տարիների ընթացքում եւ իր անասնապահական գործունեության տարիներին նման երեւույթի ականատես չէր եղել: «Գիտեի, որ կովը պետք է ծներ: Անասնագոմ մտա, որ հերթական անգամ ստուգեմ կովերին՝ տեսա էդ կովը ցավեր ունի: Քիչ հետո առաջին հորթը ծնվեց, բայց զգացի, որ կովի մոտ դեռ ցավերը շարունակվում են, տեսա երկրորդ հորթն է ծնվում, քաշեցի, հանեցի հորթին, մեկ էլ տեսա երրորդն էլ է ծնվում, մնացել էի ապշած…: Էսքան տարվա մեջ նման բան ո’չ տեսել էի, ո’չ էլ` լսել», -ասաց անասնապահը եւ ուրախությամբ փաստեց, որ եռյակը առողջ է ծնվել:
27 բնակիչ ունեցող անասնագոմում ապրողների թիվն արդեն դարձավ 30: Այժմ երկու էգ եւ մեկ արու նորածին հորթերն իրենց լավ են զգում, խնամվում են անասնապահի կողմից, եւ մյուսների հետ ապրում մի հարկի տակ:
Իսկ բռնակոթցի անասնապահը հավաստիացնում է, որ շուտով նորածին հորթուկներն իրենց անունները կունենան, արդեն մտածում է անուններ ընտրելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ