ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր «գազային» պայմանագիրը ՍԴ-ում վիճարկելու որոշումից զատ, որը, ի դեպ, պաշտոնապես կներկայացվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քննարկվեց նաեւ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի փոփոխության հարցը: Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի թեկնածությունը: Քանի որ, «գազային» համաձայնագրերի վավերացման ժամանակ, ըստ ընդդիմադիր պատգամավորների, գործող նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը «չարաշահել է իր լիազորությունները, հետևաբար հանձնաժողովի անդամները որոշում են կայացրել փոխել հանձնաժողովի նախագահին»: Սակայն Թևան Պողոսյանը ինքնաբացարկ հայտնեց և իր հերթին առաջարկեց նախագահի պաշտոնում ընտրել ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին:
«Իմ տեսակը խուսափող տեսակ չի, ես պարտավորվում եմ… Եթե այդպես եք համարում, ուրեմն համաձայն եմ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: Որոշումն անցավ միաձայն` Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և Թևան Պողոսյանը կողմ էին Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությանը:
Նշենք, որ ըստ կանոնակարգի, հանձնաժողովի կողմից ընտրված Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հաշվիչ հանձնաժողովի անդամները նաեւ քարտուղար ընտրեցին: Քարտուղարի պաշտոնից Թևան Պողոսյանը կրկին հրաժարվեց` իր փոխարեն առաջարկելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Վերջինս նույնպես հրաժարվեց և առաջարկվեց այդ պաշտոնում քվեարկել ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի թեկնածության օգտին, որն անգամ չէր ներկայացել նիստին: Վերջինս իր պաշտոն ստանալու մասին լրացուցիչ կծանուցվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ