Մաքսային միության հետ կնքած ճանապարհային քարտեզը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այս տարվա ձեռքբերումներից է համարում:
Կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները փորձեցին նախարարից նաեւ իր ոլորտի ձախողումներից էլ հիշել, որը, ըստ նախարարի, 2013-ին ներդրումների ծավալի նվազումն է եղել:
Հարցին, արդյոք գազային համաձայնագրերը ձախողո՞ւմ չէին, նախարարն այսպես արձագանքեց. «Չեմ հասկանում ինչ նկատի ունեք, հարցը չեմ հասկանում»: Լրագրողները կրկնեցին` «Արդյոք վերջին շրջանում Ռուսաստանի հետ կնքած գազային հայտնի պայմանագրերը, որոնց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, ձախողում չէի՞ն»: Նախարարը կրկին չհասկացավ հարցը, եւ հարցին հարցով պատասխանեց` «Հարցը չեմ հասկանում, ինչի՞, աղմուկի՞ վերաբերյալ»:
ՀՀ կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասի վաճառքի մասին էլ պարոն Ավանեսյանը չկարողացավ պատասխան տալ. դա հաջողությո՞ւն է, թե տնտեսական ձախողում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գազային պայմանագրին՝ նախարարն ասաց. «Առաջիկա 5 տարիների համար կնքված պայմանագիրը, իհարկե, հաջողություն եմ համարում»:
Հաջողություն չի եղել նաեւ կանխատեսած 5-7% տնտեսական աճի չապահովումը, սակայն դրա համար էլ նախարարը մխիթարանք գտավ՝ տարածաշրջանում, մեր տնտեսական աճը կլինի ամենաբարձրերից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ