Այսօր խորհրդարանի 334 սենյակում պետք է տեղի ունենար ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել էին հանձնաժողովի ընդդիմադիր անդամները`«գազային» պայմանագրերի քվեարկության ժամանակ տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար: Սակայն, նիստը տեղի ունեցավ ՀՅԴ խմբակցության սենյակում: Թեև հանձնաժողովի ընդդիմադիր անդամները դիմել էին ԱԺ աշխատակազմին` 334 սենյակը պատրաստել նիստի անցկացման համար, սակայն սենյակը պատրաստ չէր:
«Հաշվիչ հանձնաժողովի նախագահը բացակայում է, այդ իսկ պատճառով նիստը կվարեմ ես` հանձնաժողովի քարտուղարը»,- այսպես սկսեց իր խոսքը ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով, իրենք իրազեկել են հանձնաժողովի իշխանական անդամներին նիստի մասին, բայց վերջիններս չեն ներկայացել:
Հարգելի համարվեց միայն ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանի բացական, որն ասել էր, որ վատառողջ է ու չի կարող ներկայանալ`հորդորելով հարգելի համարել իր բացակայությունը: Սուքիաս Ավետիսյանը եւ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը պարզապես չէին ներկայացել:
Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանը ընթերցեց որոշման նախագիծը, որ մշակել են հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստի ընթացքում ոչ էլեկտրոնային քվեարկության օրինականության վերաբերյալ. «Հաշվի առնելով, որ Հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ, հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ինքնուրույն է հաշվարկը ներկայացրել, հաշվի առնելով, որ հանձնաժողովի չորս անդամներ չեն մասնակցել հաշվարկին…. Հետևաբար ներկայացված և հիմք ընդունված թվերը վավերական չեն»,- ընթերցելով նախագիծն ամբողջությամբ` իր խոսքն ամփոփեց Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց Հաշվիչ հանձնաժողովի կողմից: Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հարցը վիճարկվելու է Սահմանադրական դատարանում, որովհետև օրենքի խախտումով որևէ քվեարկություն օրինական չի կարող լինել. «Եվ հասնելու ենք նրան, որ համաձայնագրերը նորից բերվեն խորհրդարան և նոր քննարկում կազմակերպվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ