Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության անդամակցությունից հետո հնարավոր է ԼՂՀ-ՀՀ սահմանին մաքսակետե՞ր դրվեն

Դեկտեմբեր 26,2013 15:39

«Նման նախանշաններ կան, և դա արվում է ՀՀ-ի վրա ազդեցության ավելի մեծացմամբ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք վերջին զարգացումները` Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հարց, գազային պայմանագիր, Նազարբաևի, Լուկաշենկոյի վերջին հայտարարություններ, չե՞ն փաստում այն, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ ԼՂՀ հակամարտության հարցի լուծումը կախված լինի միմիայն Ռուսաստանից, այսպես պատասխանեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Այս կապակցությամբ քաղաքագետը հիշեց հայտնի անեկդոտը` այն, որ հայերը էլի հույսները Աստծո վրա են դրել ու փաստեց, թե «այս հարցում չի կարելի հույսը Աստծո վրա դնել»:

Քաղաքագետը լավատես չէ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված քայլերի հետագա զարգացման հարցում` մասնավորապես Մաքսային միության անդամակցության պարագայում: ԼՂՀ ճակատագիրը «անորոշ» գնահատելով` պարոն Պապյանը չբացառեց նաև հետևյալ իրավիճակը. «Մեկ էլ հնարավոր է չորով դնեն, ասեն, թե ինչպես հիմա ռուսական անձնագրային կետեր ունենք, այնպես էլ Մաքսային միության անդամակցությունից հետո ԼՂՀ-Հայաստան սահմանին պետք է դնեն ռուսական, ղազախական ու բելառուսական անցակետեր, և ԼՂՀ-ից ՀՀ ապրանք բերելու համար մաքս պիտի վճարվի, կամ ծագման երկիրը պիտի գրեն, իսկ ի՞նչ պիտի գրեն` Ադրբեջա՞ն»:

Արա Պապյանի համար անհասկանալի է ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի լռությունը` «լյոխ լավա տարբերակով»: Նա հարց հնչեցրեց` «Ասեք իմանանք, ի՞նչն է լավ»:

Վերոնշյալ իրավիճակը փոխկապակցված է նաև հայ-թուրքական հարաբերությունների և միջազգային հանրության գնահատականի հետ: Մասնավորապես վերջերս ՄԻԵԴ-ի խնդրահարույց որոշումը` արդարացնել Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքին: Արա Պապյանի գնահատմամբ` այս վճիռն իր բացասական ազդեցությունը կունենա: Մանրամասնելով նա ասաց. «Ընդունելի չէ այս մասնավոր վճիռը, որ վերաբերում է Հոլոքոստին: Ստացվում է, որ Հայոց ցեղասպանությունը կարող է արդարացվել, Հոլոքոստը` ոչ: Օրենքը չի կարող խտրական կիրառություն ունենալ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ևս համամիտ է, որ Ռուսաստանն ունի հեռահար նպատակներ անել այնպես, որ ԼՂ հակամարտության լուծման հարցը կախված լինի միայն իրենցից: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց. «Ռուսաստանն այս ամենը նաև դրա համար է անում: Բայց կարևոր է, թե ցանկությունը որ կողմից է գալիս` մե՞ր, թե՞ Ռուսաստանի: Հիմա ես զգում եմ, որ նաև մեր կողմից է գալիս, իսկ արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին»:

Այն, որ հնարավոր է Մաքսային միության անդամակցությունից հետո ԼՂՀ-Հայաստան սահմանին մաքսակետեր դրվեն, պարոն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Նազարբաևի հայտարարությունը դա էր նշանակում: Իհարկե, չեմ ուզում նախնական եզրակացություններ անել, ուզում եմ այդ փաստաթղթերը (նկատի ունի ճանապարհային քարտեզը,-Տ.Հ.) գան`հետո: Բայց համոզված եմ` Մաքսային միության այդ երեք երկրները` Բելառուսը, ՌԴ-ն և Ղազախստանը, Ադրբեջանի հետ չեն ցանկանա հարաբերություններ փչացնել: Մենք պրովոկացիա ենք անում, թե Ռուսաստանին նվիրված ենք, բայց «Գազպրոմի» թուղթը նշանակում է այն, որ Հայաստանն իրենց համար ոչինչ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031