Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովն՝ արտաքին քաղաքականության մասին

Դեկտեմբեր 26,2013 15:11

Այսօր ամփոփելով անցնող տարին՝ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Շեշտեց, որ երկու առաջնահերթ խնդիր կա մեր առջեւ՝ ԼՂ հարցը եւ Ցեղասպանության ճանաչումը եւ պայքարը ժխտողական քաղաքականության դեմ: ԼՂ հարցում մոտեցումը միանշանակ է եւ անփոփոխ՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի հիմա՝ դե ֆակտո անկախ հանրապետություն, իսկ նպատակը մեկն է՝ այդ անկախության ճանաչումը դարձնել դե յուրե:

Ցեղասպանության ճանաչման մասով ՀՀԿ խոսնակն ավելի շատ խոսեց հայ-թուրքական հարաբերություններից, ասելով, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ որ Թուրքիան տեղ չունի ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ՝ միակողմանի պահվածքի պատճառով:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության Եվրամիություն թե Մաքսային միություն ուղղվածությանը՝ Է. Շարմազանովը նշեց, որ ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում գրված է եղել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու եւ Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու մասին, եւ այդպես էլ առաջ են շարժվել: Նա կտրականապես դեմ էր «շրջադարձային, սենսացիոն փոփոխություն» եւ այլ ձեւակերպումներին՝ պնդելով, որ ոչ մի փոփոխություն էլ չի եղել, ինչպես որոշել են, այդպես էլ արել են:

Այդ համատեքստում մեր հարցին՝ այդ դեպքում ինչու չնախաստորագրեցիք Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ գրեթե չորս տարի բանակցում էիք, պարոն Շարմազանովը պատասխանեց՝ կոչ անելով նայել Վիլնյուսում ստորագրված հայտարարությունը, որում նշվում է, որ եվրոպացիները տեսնում են Հայաստանի առաջընթացը եւ շարունակելու են մեզ հետ համագործակցել մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման գործընթացներում: Նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար եվրոպական պետական մոդելի ընտրությունը գիտակցված ընտրություն է, եւ ժողովրդավարական բարեփոխումները այլընտրանք չունեն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031