Դպրոցական տարիներին երկրաչափական թեորեմներ ապացուցելիս օգտագործում էինք, այսպես կոչված, հակասող ենթադրության մեթոդը. պետք է ապացուցել այսինչ բանը, դու դրան հակասող ենթադրություն ես անում, փաստարկներով ժխտում այդ ենթադրությունը, դրանով իսկ՝ ապացուցում թեորեմը: Հիմա ես էլ ստորեւ այդ մեթոդով քաղաքական մեկ թեորեմ կապացուցեմ:
Բայց մինչ այդ, փորձենք ցանկացած բանական մարդու հարց տալ. դիցուք, դուք մի քիչ դժվարությամբ ապրող, անտառ չունեցող գյուղի գյուղապետ եք, նաեւ հողային վեճ ունեք հարեւան երկու գյուղի հետ: Հերթական դժվար ձմռանն ընդառաջ՝ ձեզ մոտ է գալիս հեռու, բայց լավ անտառ ունեցող գյուղի անտառապետը եւ ասում. «Ուրեմն, քո գյուղին ամեն տարի էսքան խորանարդ մետր ցախ կտամ, կվառեք՝ յոլա կգնաք, բայց էդ ցախը 30 տարի միշտ մենակ ինձնից պիտի գնեք՝ իմ ասած գնով, ուրիշը որ ցածր գնով էլ առաջարկի՝ պիտի չառնեք, ցախը տեղափոխելու եք իմ ավտոներով, ավտոների փողն էլ պիտի տաք, շոֆերների աշխատավարձն էլ: Գումարած դրան՝ ձեր գեղի կարգուկանոնն ու օրենքները ինձ վրա չեն տարածվում, ես էստեղ ինչ ուզենամ՝ անելու եմ, մի բան դուրս եկավ՝ տանելու եմ, երբ ուզենամ՝ գալու եմ, ուտեմ-խմեմ, ջարդեմ-փշրեմ, սրտիս տված վախտ քնելու եմ գյուղի որ կնոջ հետ ուզենամ, ու իմն ա լինելու նաեւ գյուղի կույսերի առաջին գիշերվա իրավունքը: Ջահելների կեսին կտանեմ՝ ինձ համար կաշխատեն, մի երկու կոպեկ էլ գյուղ կուղարկեն, էն երկու հարեւան գյուղերի՝ իրենց հողերի սահմանի առաջ չտալը չեմ երաշխավորում, բայց թե առաջ տան՝ միայն իմ թույլտվությամբ…»: Ահա հարցը՝ ասացեք, խնդրում եմ, ի՞նչ կաներ նման պարագայում արժանապատվություն ունեցող գյուղապետը … Դուք ճիշտ եք՝ նա այդ անտառապետին կուղարկեր համապատասխան տեղ, գյուղացիներին կբացատրեր ամեն ինչ, մի երկու ցուրտ ձմեռ կդիմանար, մարդիկ իրենց գլխի ճարը կտեսնեին, իրենց հողը կմշակեին, իրենց տունը կշենացնեին, ու մի օր էլ էն անտառապետը ինքը կգար կխնդրեր, որ իրենից էլ ցախ գնեն… Իսկ եթե գյուղապետը այդպես չարեց, ուրեմն նրա արժանապատվությունն առել են՝ ասելով.«Այս ամենի դիմաց՝ դու ցմահ գյուղապետ ես մնում, ոնց ուզում՝ ղեկավարում ես, ընդվզողներին ծեծիր՝ ինչքան սիրտդ կուզի, մեկ է՝ դատարանը իմ ձեռն է՝ քեզ բան ասող չի լինի, քո մեռնելուց առաջ էլ ես ու դու կորոշենք, թե ով է լինելու ժառանգորդդ…»:
Դե, իսկ հիմա փորձեք գտնել «գազային» պայմանագրերը (հղումներ չեմ տալու, համացանցում դրանք կամ դրանցից մեջբերումները դժվար չէ գտնել) եւ կարդալ… Տեսեք՝ տարբերվո՞ւմ է իմ նկարագրած իրավիճակից: Այսինքն՝ եթե մարդը մենակ սեփական իշխանությունը պահելով չի մտահոգված՝ կհամաձայնե՞ր, որ ինչ-որ երկրի «Գազպրոմ» անունով ինչ-որ կազմակերպություն մեր երկրում վեր լինի Սահմանադրությունից, օրենքներից, ներկա ու ապագա իշխանություններից, ոնց ուզենա՝ շարժվի, դու օրենքներ ընդունես՝ նրա վրա չտարածվի… Նայեք համաշխարհային պատմությունը՝ անգամ պատերազմում պարտված երկիրը էդպիսի կապիտուլյացիոն պայմանագրեր չի ստորագրում, որովհետեւ հաղթողները վեհանձն են լինում եւ արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ են թելադրում…
Այսուհանդերձ, այս համաձայնագրերը միայն փորձում են անցկացնել, որովհետեւ իմ կարծիքով՝ դրանք վավերացված չեն, ինչը ես կապացուցեմ վերը հիշատակված՝ հակասող ենթադրության մաթեմատիկական մեթոդով:
Ահա՝ թեորեմը. Ազգային ժողովը չի վավերացրել «գազային» համաձայնագրերը պատշաճ ընթացակարգերով:
Կարդացեք նաև
Կատարենք հակասող ենթադրություն. ենթադրենք, դեկտեմբերի 23-ին ԱԺ դահլիճում անհրաժեշտ թվով պատգամավոր կար, եւ համաձայնագրերը վավերացվել են: Այդ դեպքում՝ հարց. քանի՞ ձայնով՝ յոթանասունյո՞թ, յոթանասունմե՞կ, յոթանասուներկո՞ւ… Չէ, ինձ մի ուղարկեք ԱԺ-ի կայքէջ, որտեղ իբր թիվը արձանագրված է, այլ նայեք այդ քվեարկությունների տեսագրությունը (դարձյալ հղում չեմ տալու, լիքն է համացանցում). Հովիկ Աբրահամյանը հայտարարում է քվեարկություն ու անմիջապես էլ մի հայացք գցելով դահլիճին՝ ասում.«յոթանասունյոթ կողմ, դեմ, ձեռնպահ չկա»… Էդ ի՞նչ տիտանական հայացքի տեր է Աժ նախագահը, որ միանգամից հաշվում է… Հիշո՞ւմ եք այն մաթեմատիկոսի պատմությունը, որը կառքով հոտի կողքով անցնելիս ասում է ոչխարների ստույգ թիվը: Կառապանը հարցնում է՝ «Ո՞նց հաշվեցիք»: Պատասխանում է. «Դա շատ հեշտ է՝ ոտքերը հաշվեցի, բաժանեցի 4-ի»: Հիմա Հովիկ Աբրահամյանը «ռուկի վերխ»-ով ռուսներին հանձնվել փորձող պատգամավորների ու պատգամավորուհիների ի՞նչն էր էդ արագությամբ հաշվում ու բաժանում ի՞նչ թվի՝ ստանալով սկզբում յոթանասունյոթ, հետո՝ յոթանասուներկու (թե՞ 71, թե՞ 73): Իսկ գուցե դահլիճում էդքան մարդ չկա՞ր, կամ մի 20 հոգի գնացել էր քյաբաբնո՞ց, կամ մեկը քնով էր ընկել կամ շարիկ գլորելով, ու մոռացե՞լ էր ձեռքը տնկել… Ոչ մեկը չի կարող վստահ ասել, որ այդ տնկված ձեռքերը քվորում ապահովեցին, մանավանդ որ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամ դահլիճում չէր, որ օգներ հաշվել… Ուստի մեր հակասող ենթադրությունը, թե քվորում կար եւ համաձայնագրերը վավերացվել են՝ ժխտվեց, այսինքն՝ ապացուցվեց թեորեմը. դրանք չեն վավերացվել պատշաճ ընթացակարգով:
Թեորեմ երկրորդ. Ազգային ժողովում «գազային» պայմանագրերին կողմ ձեռք տնկածները (հիշեցնեմ, որ նրանց թիվը ստույգ հայտնի չէ) կուսակցական առաջնորդների հրահանգով եւ ոչ թե սեփական խղճով քվեարկող սովորական կոճակ սեղմողներ են, եւ նրանց համար իրենց տաքուկ անկյունը, ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակով ստացված փշրանքները ավելի կարեւոր են, քան Հայաստանը:
Կներեք, բայց սա թեորեմ չէ, սա աքսեոմա է եւ ապացուցման կարիք չի զգում…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ.- «Տնաշեն,- սա ինքս ինձ եմ ասում,- Նոր տարի է գալիս, սա էլ քո վերջին «Մեսրոպագիրն» է էս տարում, փոխանակ ընթերցողներին (նաեւ չընթերցողներին) շնորհավորես, նստել դառը բաներ ես գրում»:
Ճիշտ որ:
Դե ինչ՝ շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ:
Թող 2014-ը բարին բերի: Այն բարին, որ յուրաքանչյուրդ ունի իր մտքում…
Ես իմ մտքինն էլ եմ ձեզ ցանկանում…
Բացարձակ ճշմարտություն։