Քաջազ Եղիշյանի թոշակի վրա դժվար թե արգելանք դրվեր, եթե նա իր իրավունքների պաշտպանության խնդրով չդիմեր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նա «Գրադշինինվեստ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից պահանջում էր, որպեսզի պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարեն, եւ ընկերությունը վճարի տուժանքները:
«Գրադշինինվեստ» ՍՊ ընկերությունը կառուցում էր բազմաբնակարան շենք: Բուզանդի փողոցի Բ բլոկի 5-րդ հարկի 65,5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տարածքի համար հայցվորը պահանջում էր ներկայիս շուկայական արժեքի 0.1 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր բաց թողնված օրվա համար:
Պատասխանողը նույնպես հայց էր ներկայացրել կողմի դեմ:
Կարդացեք նաև
Հայցվորի եւ պատասխանողի միջեւ 2007թ. կնքվել էր «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու մասին» պայմանագիրը:
Այն վավերացվել էր Կենտրոն նոտարական գրասենյակում:
Պատասխանող շինարարական ընկերությունն, ըստ այդ պայմանագրի, Բուզանդի 101 հասցեում գտնվող անշարժ գույքը վերցնելու էր եւ որպես փոխհատուցում պարտավորվում էր կառուցվելիք բազմաբնակարան շենքի 5-րդ հարկից կողմին տրամադրել 65, 5 քմ մակերսով ընդհանուր տարածքը:
Վերցված անշարժ գույքը գնահատվել էր 19.418.000 ՀՀ դրամ, իսկ բնակելին, որը պիտի տրվեր, 2. 250. 000 դրամ, գումարած թոշակառուին տրվելիք 1.000.000 ՀՀ դրամը: Վերջին գումարը վարձով գոյատեւելու գումարն էր, մինչ բնակարան ստանալը:
Թոշակառուն ունի մի որդի, որը գտնվում է արտերկրում:
30 ամիս հետո բնակելին պետք է հանձնված լիներ: Սակայն մինչ օրս բնակելին դեռ չի հանձնվել:
Դատարանը, սակայն, մերժեց հայցվորի պահանջը, բավարարելով հակընդդեմ հայցը:
Այն է, կնքված պայմանագիրը մասնակիորեն լուծել, բնակարան հատկացնելու մասով, հայցվորից, որը նաեւ երկրորդ կարգի հաշմանդամ է, որպես պետական տուրք բռնագանձել 505. 889 ՀՀ դրամ:
Նշենք, որ առաջին ատյանում թոշակառուի ներկայացուցիչն էր «Գարիկ Գալիկյան» իրավաբանական ընկերությունը, իսկ «Գրադշինինվեստ» ՍՊ ընկերությանը՝ Ալեքսանդր Սիրունյանը:
Առաջին ատյանի որոշումը, բնականաբար, բողոքարկվեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, որը բեկանեց այն, ուղարկեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով քննելու համար:
Վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Լ.Գրիգորյան, Գ. Մատինյան, Ա. Թումանյան կազմով, իր որոշման «Պատճառաբանումներն ու եզրահանգումները» հատվածում հիմնավոր համարեց թոշակառուի վերաքննիչ բողոքը, նկատելով, որ բնակարանը հայցվորին պետք է հատկացվեր 2010թ. մայիսի 30-ին, ինչը շինարարական ընկերությունը չի արել:
Ինչ վերաբերում էր հայցագնին եւ պետական տուրքին, վերաքննիչ դատարանը նշել էր, որ այդ հարցին անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում. «Դատարանը գործի քննության ընթացքում չի քննել եւ պարզել հայցագինը, վճռում չի ներկայացրել այն հաշվարկը, որի հիմնավորմամբ հանգել էր այն հետեւության, թե հայցվոր կողմից պետք է բռնագանձվեր 505.889 դրամի չափով պետական տուրքը»:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս անգամ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ քննության առավ Քաջազ Եղիշյանի եւ նրա որդու՝ Դավիթ Եղիշյանի հայցը «Գրադշինինվեստ» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները չկատարելու, դրա համար նախատեսված տուժանքների վճարման պահանջի մասին, ինչպես նաեւ հակընդդեմ հայցը՝ Եղիշյաններին բնակարան հատկացնելու մասով պայմանագիրը լուծելու պահանջի մասին հարցը:
Դատարանը կրկին վճռեց թոշակառու հայցվորից հօգուտ ՀՀ պետբյուջեի բռնագանձել 523 926 ՀՀ դրամ, որպես պետտուրքի գումար:
Հակընդդեմ հայցը կարճել՝ հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով:
Դատարանը արձանագրել էր. «տույժերի հաշվարկի օրը պետք է հաշվարկել շինարարության թույլտվություն տալու օրվանից՝ 10.02.201 թվականից (201 էր գրված), եւ քանի որ հայցվորի հիմնական պահանջը դատարանի վճռով մերժվել էր՝ 07.06.2012թ. վճռով, ուստի տույժերը պետք է հաշվարկել մինչեւ վճռի կայացումը, որը կազմում է 842 օր»: Ըստ դատարանի՝ այն կազմել էր 523 926 ՀՀ դրամ: Փաստորեն, ոչ թե՝ 505. 889 դրամ, որը նախորդ կազմով դատարանը որոշել էր:
Թոշակառուն հնարավորություն չունի քսանհազար դրամ ստանալու եւ թոշակն անգամ արգելանքի դրվելու պայմաններում պետտուրքը մուծելու, թե ԴԱՀԿ-ն ինչպես պետք է այն իրականացնի, թողնում ենք դատարանի խղճին:
Ուշադրության արժանի էին նաեւ շինարարական ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանի առարկությունները: Նա վեճ չի էլ տեսնում եւ վեճի բացակայության հիմքով խնդրել էր գործի վարույթը կարճել:
Փաստաբանն ակնարկել էր մի բան, որի մասին շինարարական ընկերությունները գերադասում են լռել. «Պայմանագրում որեւէ կերպ որոշված եւ սահմանված չէ, որ պատասխանողի պարտականությունների կատարման ժամկետը պայմանավորվում է Երեւանի քաղաքապետի կողմից տրված շինարարական թույլտվությամբ: Պայմանագրով հստակ որոշված են ժամկետի սկիզբ հաշվարկելու պայմանները: Հատկապես այն պարագայում, երբ ՀՀ կառավարության 25. 01. 2007թ. 108-Ն որոշումը, որի հիման վրա պատասխանողը ճանաչվել է ձեռք բերող, հստակ սահմանվել է, որ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սահմանվում է 2008թ. հունվարի 1-ը: Այսինքն՝ պատասխանողն ուներ բավականաչափ ժամանակ, հաշվարկելու եւ հնարավորություն՝ իր պարտականությունների կատարման ժամանակահատվածը ճիշտ հաշվարկելու համար»:
Սակայն քաղաքապետարանի եւ պատասխանողի միջեւ առկա իրավահարաբերությունները ինչու պիտի ազդեն պայմանագրի կողմերից մեկի վրա, այդպես էլ հայտնի չդարձավ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ