Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Դեկտեմբեր 26,2013 14:05

«Շտապօգնության» պես բոլորին հասնում էր»

Gori-hayry

Գոռի հայրը:

Gori-horeghbayry

Գոռի հորեղբայրը:

«Բակի տարեցները սպասում էին, թե երբ է Գոռիկը դպրոցից տուն գալու, որ իրենց հետ նարդի կամ շախմատ խաղա: Շատ հմուտ էր խաղում, բոլորին հաղթում էր», – հիշում է Գեղամը՝ Գոռ Պողոսյանի հորեղբայրը:

Գոռ Պողոսյանի մտերիմները պատմում են, որ դեռեւս դպրոցական տարիներից Գոռն այնքան հասուն մտածելակերպ ու պահվածք ուներ, որ միշտ ընկերություն էր անում իրենից տարիքով ավագների հետ եւ իրեն տարեկից շատ քիչ ընկեր ուներ: «Գոռիկը շատ մտերիմ էր պապիկի ու հորեղբոր հետ, գերադասում էր նրանց հետ շփվել, նստել սեղանի շուրջ, զրուցել, քան իր հասակակից ընկերների հետ դրսում լինել», -ասում է Գոռի մայրը՝ Մարինեն:
Գոռ Պողոսյանը ծնվել է 1986թ. հունիսի 7-ին Չարենցավան քաղաքում: Սովորել է Չարենցավանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Մայրը հիշում է, որ Գոռը նույնիսկ առաջին դասարանում իրեն այնքան լուրջ եւ համեստ էր պահում, որ նրան կատակով «պապիկ» էին անվանում:

«Գոռը շատ խելացի էր, չնայած, որ փոքր էր մեզնից տարիքով, բայց ինքը մեծերի հետ այնպես էր շփվում, որ կիմանայիր, թե քո հասակակիցն էր: Աշխույժ էր, բայց չափավոր, սիրում էր բոլորին միավորել, հաշտեցնել»,-ընկերոջն այսպես է բնութագրում Մուշեղը:
Ընտանիքի անդամները պատմում են, որ Գոռը դպրոցում սովորում էր գերազանց առաջադիմությամբ, դեռ 6 տարեկանում շատ լավ մաթեմատիկա գիտեր եւ մեծ թվեր էր գումարում-հանում, շատ արագ կարողանում էր մտքում հաշվել եւ ստանալ ճիշտ պատասխանները:

Մարինեն պատմում է, որ որդին շատ փոխվեց, երբ հայրը մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի եւ տեւական ժամանակ հեռու էր ընտանիքից: «Գոռը շատ կարճ ժամանակում մեծացավ, ավելի լրջացավ, փոխվեց, ոնց որ մի լուրջ, հասուն տղամարդ լիներ կողքիս: Մի հայացքով կարողանում էր սթափեցնել մարդուն, շատ ազդեցիկ հայացք ու պահվածք ուներ,- ասում է Մարինեն ու շարունակում: -Ամեն կերպ փորձում էր մեզ օգնել, ձգտում էր հարմարավետություն ստեղծել կենցաղում: Շատ ամուր ձեռքեր ու ոտքեր ուներ, չէր դժվարանում ոչ մի գործի մեջ: Գործի մեջ տարբերություն չէր դնում, կարող էր գնալ անտառից ցախ բերել, կամ հորեղբոր հետ միասին շինարարություն անել: Շատ աշխատասեր էր, հասնող էր: Պապիկը կատակով անունը դրել էր «շտապօգնություն»:

Հարազատները նշում են, որ Գոռը շատ հպարտանում էր, որ բնավորությամբ իր պապիկին էր նման, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Շատ կոկիկ էր եւ ուշադիր:
«Մի հետաքրքիր սովորություն էլ ուներ, – հիշում է մայրը, -երբ գյուղում էր լինում, եղբորս հետ միասին, ամբողջ գիշեր կարող էր նստել ու սպասել լուսաբացին, իրան շատ հետաքրքիր էր, թե արեւն ինչպես ա բացվում»:
2004-ին Գոռ Պողոսյանն անցնում է զինվորական ծառայության:
2005-ի մայիսի 23-ին Գոռը վիրավորվում է ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից եւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում շուրջ 2 ամիս կյանքի ու մահվան պայքար է տալիս:

Մարինեն հիշում է, որ Գոռը խնդրել էր, որ հարազատներից ոչ մեկն իր մոտ՝ վերակենդանացման բաժանմունք, տխուր եւ արցունքոտ աչքերով չմտներ:
«Շատ ուժեղ եւ հավատքով տղա եմ ունեցել», -արցունքները սրբելով՝ ասում է մայրը:
Գոռ Պողոսյանը զոհվել է 2005-ի հուլիսի 21-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից ստացած ծանր վնասվածքի հետեւանքով: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Լուսանկարում` Գոռը մոր եւ քրոջ հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031