2013 թվականին Արմեն Շեկոյանը դարձավ 60 տարեկան: Նրա այս հոբելյանը, ցավոք, ժամանակին չնշեցինք, սակայն քանի տարին չի վերջացել՝ դեռ ուշ չէ: Այդ առիթով հրապարակում ենք մի հարցազրույց, որը 2000 թվականին տպագրվել է «TV ալիք» շաբաթաթերթում: Եվ այսպես…
Ահագին բան կարելի է իմանալ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ մասին նրա «ԱՆՏԻՊՈԵԶԻԱ» գրքից։
Ծննդավայրը՝ «ես շիլաչեցի մի տղա եմ»։
Բնակության վայրը՝ «Ես ապրում եմ երրորդ մասում, սակայն ունեմ սեր ու ճաշակ»։
Կարդացեք նաև
Նաեւ՝ «Բավականին հեռատես եմ
(«ՀՕՄ օպտիկ»-ում ինձ ասացին»):
Եվ վերջապես, որ «հայ եմ իսկական, անունս Արմեն է,
մինչդեռ մութ ուժերն ինձ ասում են կյաժ»։
«Հընթացս»
«Ես մանկուց
ողջ ուժերս
ներդրեցի
մարդկային դեմքով
պիոներիայի
վերջնական
հաղթանակի համար,
բայց ավա՛ղ
մարտավարությունը
ճիշտ չէր ընտրված»։
– Գրքիդ տիտղոսաթերթի երկրորդ էջին գրված է. «Անտիպոեզիան» Շեկոյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն է, ուր հեղինակը նոր բանաստեղծական արտահայտչամիջոցներով է փորձում վերարտադրել իր զգացումները»։ Ուրեմն, ընդունենք, թե գրքումդ ինչ գրված է՝ զգացումներիդ ու քո մասին է, չէ՞։
– Էն, որ գրված է ԳՄԴ 84Հ7-5 կամ ինդեքսը` հատկապես իմ զգացումները չեն։ Դրանք տպարանի զգացումներն են։
– Մնացածը հո քո՞նն են։ Ըստ այդմ, հերթով պիտի հարցնեմ, թե քո որ զգացումներն են արտահայտում բանաստեղծություններիցդ մեջբերված տողերը։
«Սեր եւ հույս»-ից
«Ի՞նչ բառ գրեմ, որ հարատեւ
մնա քիմքին ձեր բանիմաց,
լավ բառ գրեմ, որովհետեւ
փող եմ առնում դրա դիմաց»:
– Որ փող չառնեիր, չէի՞ր գրի։
– Իմիջիայլոց, մի քանի բանաստեղծություն կա այս գրքում, որ սովետական ժամանակներում են գրվել, երբ որ փող էին տալիս բանաստեղծության դիմաց։ Սա, օրինակ, այդ շրջանում է գրված։ Իհարկե, տակը թվերը չեմ գրել, որ տպավորություն չստեղծվի, թե այն ժամանակ այսպիսի բաներ գրելու համարձակություն եմ ունեցել։ Մարդիկ կան, չէ՞, որ ատոմակայանի մասին բան են գրում՝ տակը գրում են «1937 թիվ»։
«Օտարացումից»
«Ինձ լքեց ու պուկ հեռացավ
հոգուս հատոր անգին յարըս,
երբ POKER-ով տանուլ տվի
ամենամեծ հոնորարըս»։
– Բանաստեղծություններիդ մեջ շատ են կազինոյի, պոկերի կամ ղումարի, կրելու կամ կրվելու մասին հիշատակումները. խաղամո՞լ ես:
– Գրելը դեռ շատ բան չի նշանակում։ Մարդ կա՝ ավելի շատ է խաղում, բայց չի գրում։ Կարող է քիչ խաղաս, բայց տպավորվի։ Դա չի նշանակում, որ ամեն օր խաղում եմ։
– Բայց խաղո՞ւմ ես։
– Ուշ-ուշ։ Իհարկե, եթե շատ փող լիներ՝ ամեն օր էլ կարելի էր խաղալ։
«Այսքան բան»-ից
«Ես չեմ եղել ծառ ջրող
եւ չեմ եղել լուրջ գրող,
ղումարի մեջ էսքան վախտ
ես չեմ եղել դեռ կրող»:
– Վա՞տ ես խաղում երեւի…
– Չէ։ Իմիջիայլոց, այդ խաղերի մեջ ոչ ոք առանձնապես հաղթած դուրս չի գալիս։
«Սիրո հանգեր»-ից
«Փշրվում է հոգուս պատին
Իմ հոգոցը՝ սե՜ր, օ ազի՜զ…
Իմ հոգեւոր անապատի
Մշտադալար քոլ-օազի՛ս»։
– Չնեղացար, որ խաղամոլ լինելուդ մասին հարցրի։ Ուրեմն, չե՞ս նեղանա, որ…
– Քոլ նշանակում է թուփ։ Ավելի շուտ, լոռեցիներին պիտի այդ թեմայով հարցեր տաս, քանի որ դա նրանց բարբառն է՝ ես ուղղակի փոխառել եմ։
– Հիմա նորից ենք բացում տիտղոսաթերթի երկրորդ էջը ու դարձյալ կարդում՝ «հեղինակը նոր բանաստեղծական արտահայտչամիջոցներով»…
– Բայց ես կարող եմ գրել Կրեմլի մասին եւ էլի իմ զգացումներն արտահայտել։ Առարկան կապ չունի… Օրինակ, էդ քոլն իմ մտքով իսկի չէր էլ անցել այդ իմաստով։ Էդ նշանակում է, որ գրողները լավ են պրծել, որ դու լրագրությամբ ես զբաղվում։
«Աքրոստիկոս»-ից
«Չոր սրտերն են պաղ ու դաժան
Կիսակառույց այս կյանքում, ուր
Այս պոետն էլ դառավ խուժան»։
– Հիմա դու քեզ խուժան համարո՞ւմ ես։
– Չէ։ Ես երկու տարի քեզ հետ նույն սենյակում նստել եմ, դու ամենալավը գիտես՝ ինչքանով եմ խուժան, ինչքանով՝ չէ։ Այնպես որ, այդ հարցը չպիտի տայիր։
«Տաղ անցողիկ»-ից
«Կերթամ. միթե լավ տղա եմ
Սվո Ռաֆից կամ Շուկշինից»։
– Լավ տղայի չափանիշն ու տիպարը քեզ համար Սվո Ռա՞ֆն է:
– Չեմ էլ ճանաչել նրան: Ուղղակի անուն, համբավ ունեցող մարդ է եղել այդ ասպարեզում։
«Մենք»–ից
«Ժողովրդի մտավոր
զավակներն ենք ոչ բարով
երազներով մոտավոր
ու լպրծուն քանքարով»։
– Այս «ոչ բարով»-ը մտավորականների՞ մասին է:
– «Ոչ բարով»-ն, իհարկե, ճիշտ խոսք է: Համենայնդեպս, ավելի լավը կարող ենք լինել, քան կանք:
Ես պարզապես չեմ հասկանում, որ բանաստեղծներին, նկարիչներին մտավորական են ասում: Բժշկին, ուսուցչին չեն ասում մտավորական, բայց բութուլկով նվագող մի մարդու ասում են։
«Ես»-ից
«Մա՞րդ եմ արդյոք, թե խամ ղուշ,
բանաստե՞ղծ եմ, թե՝ բայղուշ»։
– Քեզ սրանցից ո՞ր մեկն ես համարում:
– Ես ինքս եմ հարցը տվել: Որ պատասխանն ունենայի՝ կգրեի: Շատերը մտածում են, թե բանաստեղծությունը պատասխան է ու քաշվում են։ Բանաստեղծությունը հարց է:
«Լրջով»-ից
«Ես արթնացա ճիշտ երկուսն անց կեսին
մեր գրողների համագումարում»:
– Գրողների համագումարներում ընդհանրապես քնո՞ւմ էիր:
– Չէ, դա, իմիջիայլոց, նախորդ բանաստեղծության հետ կապ ունի։ Տես՝ «Ու էս բաները խորհրդածելով ես ցնցվեցի ու մեկից արթնացա»: Համենայնդեպս, երկու շերտ կա։
«Խոստովանություն»-ից
«Պոետ դարձա, քանզի այլոց
Երգերն իմոնցից վատն էին»:
– Լո՞ւրջ:
– Բա իհարկե լուրջ։ Եթե ինձ, ասենք, Չարենցի հետ համեմատեիր՝ ինձ հետ հարցազրույց չէիր անի: Երեւի ավելի վատերի հետ ես համեմատել:
– Հիմա դու պոե՞տ ես։
– Չգիտեմ, թե պոետն ինչ բան է:
– Առաջին անտիհարցազրույցում ասել էիր, որ եթե Հայաստանում Չարենցից ու Տերյանից հետո մեկն իրեն պոետ է համարում, պետք է ստուգել՝ պիտի որ հոգեկան հիվանդություն ունենա այդ մարդը: Հիմա նորից եմ հարցնում. դու պոե՞տ ես:
– Էն վատերի համեմատ՝ հա: Իսկ Չարենցի եւ Տերյանի համեմատ՝ իհարկե, չէ՛։
«Վառեք ինձ»-ից
«Իմաստուն չեմ, չէ՛. նման չեմ
Իսահակյանին։
Ես ավելի շուտ նման եմ
Ա. Սահակյանին»։
– Հատկապես ո՞ր Ա. Սահակյանին ես նկատի ունեցել։
– Հասկանում ես, միշտ իր վրա չի վերցնում նա, ում մասին գրել ես։ Ոչ Արամայիս Սահակյանին եմ նկատի ունեցել, ոչ Արա Սահակյանին, ոչ էլ Արտավազդ Սահակյանին։ Ոնց որ, օրինակ, Վասակ Դարբինյանի մասին գրել էի Վ. Դարբինյան, շատ հնարավոր է՝ Վլադիմիր Դարբինյանն իր վրա վերցրած լինի («Եվ դա այն երգն է, որ երբեւիցե Վ. Դարբինյանը չի կարող երգել», «Ընկերային»):
«Ոչ ոք ըսավ»-ից
«Ոչ ոք ըսավ՝ սա տղի
պատռենք հոգին աղտեղի,
տեսնենք՝ ինչքա՞ն թույն, լեղի,
աղբ դուրս կգա այնտեղից»։
– Եվ ինչքա՞ն դուրս կգա։
– Համենայնդեպս, դու իմ ճանաչած միակ գրականագետն ես, որ օրինակներով ես վերլուծում։ Մնացածն իրենց հույզերի մասին են գրում, որ վերլուծում են՝ քոնը մոռանում են։
– Մի՛ հաճոյախոսիր, որ հարցից խուսափես։
– Աղբի հարցում ես օրիգինալ չեմ։ Որ մարդուն էլ փորփրես՝ դուրս կգա։ Որովհետեւ լավ բաներն արտահայտում՝ վատ մտքերը մարդ պահում իր մեջ, ներս է գցում։
«Առաջվա պես»-ից
«Առաջվա պես դեռ գրում եմ,
թեպետ ոչ ոք ինձ չի կարդում»։
– Բայց կարծես այս գիրքը կարդացին, չէ՞։ Լիքը հարցազրույցներ, գրախոսականներ, մրցանակ…
– Ոնց որ թե՝ հա՛։ Համենայնդեպս, ինչ-որ կատաղություն կա գրողների կողմից, որոնք պնդում են, թե կոմունիստական ժամանակներում մարդիկ բանուգործ թողած կարդում էին, հիմի իրենց չեն կարդում։ Բայց դեռ չեմ էլ տպել այս գիրքը՝ մի քանի օրինակ է լույս տեսել։ Դեռ փողն էլ չեմ տվել, որ տպաքանակը թողարկեն՝ բայց «շուխուռը» գցել են արդեն։ Այսինքն՝ ավելի լավ են կարդում, քան առաջ։ Ու մի քիչ ամոթ էլ է, արդեն չափազանց է մի գրքի մասին։
Եթե գրքի այս տեսակը կարդում են, ուրեմն, պետք է։ Մանավանդ, որ համենայնդեպս չես մեղանչում պոետիկ տեխնիկայի հանդեպ, ոչ էլ առանձնապես կեղծում ես։ Նախ. մարդկանց մատչելի լեզվով ես գրում, հետո՝ պարզվում է, որ այդպես ինքդ քեզ ավելի հեշտ ես արտահայտում: Երկու կողմն էլ շահում են՝ ինչ-որ բան առանձնապես չես զոհում ժողովրդին դուր գալու համար։ Մյուս գրքերումս էլ, որտեղ գրական նորմալ լեզվով եմ գրել, ավելի պոետիկ չեմ եղել, քան այստեղ։
«Յորդորակ»-ից
«Ամեն Աստծո օր որոշում եմ
վերջնականապես դառնալ տականք»։
– Իրո՞ք։
– Ոչ միայն որոշում եմ, այլեւ իրագործում եմ որոշ չափով։
«Հաճույքներ»-ից
«Հիմա իմ հին ընկերոջ հետ
փող ենք լվանում,
ահագին փող, որ կարող ենք
հատկացնել գինու–
իմա՝ գարեջուր եւ օղի
եւ այլ անանուն
հաճույքներ, որ գրգռում են
մեզ ու հմայում»։
– Սա էլ մանրամասն պատմիր ու վերջ, թե ոնց եք փող լվանում։
– Բայց այդ բանաստեղծության վերջն է լավը՝ «Մենք անցվոր ու անցողիկ ենք, նրանք՝ մնայուն»: Դու ինչո՞ւ ես փողի լվանալն ընտրել։ Մտցնում ես ջրի մեջ, հանում ու քամում ես՝ զգույշ, որ չպատռվի։
– Ընկերոջդ անունն էլ ասա։
– Մեկ-մեկ հնարում ենք. ամեն ինչ հո չի եղել։
– Վերջը խոստովանեցիր։
«Գնչուական մեղեդի»-ից
«Եթե հանդգնեմ բողոքել բախտից,
լյուբոյըդ կարա ինձ ասի՝ ապո՛ւշ»։
– Հիմա դու քո բախտից բողոքո՞ւմ ես։
– Չէ։ Ինչի՞ց պիտի բողոքեմ։ Եթե ավելի վատ էլ ստացվի, չեմ բողոքի։ Այս ամեն ինչը կարող էր չլինել, չէ՞։ Ես, իհարկե, մի անգամ նաեւ ասել եմ, թե ով որ Աննա Իսրայելյանին հարցազրույց է տալիս՝ ապուշ է։ Բայց մարդիկ կան, որոնց չի կարելի ասել՝ «չէ», թեկուզ հետո ապուշ երեւալու գնով։
– Հիմա էլի շարունակելո՞ւ ես բանավոր խոսքի մակարդակի գրել, թե՞ այս ոճն արդեն քեզ համար սպառված է։
– Հիմա չեմ գրում։ Հո գրամեքենա՞ չեմ, որ այդքան գրեմ։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ,
որ ողջ հարցազրույցի ընթացքում հա՛ «Արմեն ջան» էր ասում, քանզի գրված է. «Ոչ ոք ըսավ՝ սա տղին ջան ասենք, որ դիմանա»։
Արմենն ինձ ծանոթ ամենահետաքրքիր, ազնիվ, բնական, տաղանդավոր, հայեցի, համով–հոտով բանաստեղծներից է (չնայած բավական ժամանակ է, որ նա արձակին է անցել)… Երկու տասնյակ տարիներ առաջ ես հավեսով երաժշտականացրել եմ նրա բանաստեղծություններից մեկը։ Այս տողերն այժմ գրում եմ՝ դեռևս առանց կարդալու նրա հետ վարած սույն հարցազրույցը։ Փոքր–ինչ հետո այն կընթերցեմ ՝ նախապես հավատացած լինելով, որ ըմբոշխնելու եմ նրա կենդանի և լավատես խոսք–խորաթայի անկրկնելի բույրը…