«Այդ օրը հանձնաժողովի լիազորությունները իրականացրեց միայն հանձնաժողովի նախագահը, ինչը ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նկատեց, որ էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառով հայտարարվեց, որ անցնում են բաց քվեարկության, սակայն հանձնաժողովն ընդհանրապես չանցավ գործի: Արծվիկ Մինասյանը նաև խախտում է համարում այն, որ սկզբում հայտարարվեց 77 ձայն, հետո նվազեցվեց 72-ի:
Պարոն Մինասյանը նշեց այն, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամ՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, չեն մասնակցել այդ աշխատանքներին, և հիմա փորձ են անում ներկայացնել, որ 2-32 անդամ մասնակցել է՝ իրականությանը չի համապատասխանում:
Ամփոփելով՝ պարոն Մինասյանն ասաց, որ որոշումները ընդունվում են 7-ից առնվազն 4-ի քվեարկությամբ, ու այս քվեարկության արդյունքները «արժանահավատ, վավեր չեն»:
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հրավիրվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ, որը բաց է լինելու և օրակարգի առաջին հարցը վերաբերում է քվեարկության օրինականությանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար զարմանալի է, թե ինչպե՞ս եղավ, որ 77 ձայնը, երկրորդ օրը հայտարարվեց 72, ո՞վ որոշեց, որ փոխվում է թիվը:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական կեղծիքը ու «այն փաստաթղթերը, որոնք դրվել էին քվեարկության, հակասահմանադրական են»:
Ըստ նրա՝ իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև չի կանգնում, ինքը կեղտի մեջ թաղված է մինչև մազի ծայր և նոր անօրինականություններ է անում»: Այնուհետև ամփոփեց, թե սա օրենքի ուժ չունեցող, առ ոչինչ փաստաթուղթ է:
Արծվիկ Մինասյանն էլ լրացրեց. «Այս համաձայնագրում Հայաստանի շահ չեք տեսնի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ