Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Բացի բանավոր հայտարարությունից, ես Նազարբաեւի այդ «հատուկ կարծիքը» որեւէ տեղ չեմ տեսել». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 26,2013 12:31

Հատված Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
  –Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի Մոսկվայում հնչեցրած «հատուկ կարծիքն» իրավական ուժ ունի՞, կարո՞ղ է որեւէ կերպ ազդել Հայաստանի ՄՄ անդամակցության գործընթացի վրա։

-Հատուկ կարծիքը, առավել եւս՝ բանավոր կարծիքը, ոչինչ չի փոխում. Նազարբաեւը ընդամենը բանավոր հայտարարություն է արել։ Դրանից հետո ստորագրվել է երկու փաստաթուղթ. առաջինը՝ ՄՄ հիմնադիր 3 երկրների նախագահների, մյուսը՝ չորս նախագահների, այդ թվում՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Բացի բանավոր հայտարարությունից, ես այդ «հատուկ կարծիքը» որեւէ տեղ չեմ տեսել։
Նախորդ հանդիպման ժամանակ նույն Նազարբաեւը խոսում էր Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, եւ ի՞նչ։ Բոլորը հասկանում են, որ ֆորմալ առումով՝ իրավաբանորեն, Ղարաբաղը, որպես չճանաչված երկիր, չի կարող մտնել Մաքսային միության մեջ, հետեւաբար գործելու է «դե յուրե դե ֆակտո» տարբերակը։
Նազարբաեւն այդ հայտարարությունն արել է շատ լավ հասկանալով, որ այստեղ որեւէ խնդիր չի կարող լինել. մենք մտնում ենք ՄՄ Ղարաբաղի հետ, ավելին՝ նախ եւ առաջ Ղարաբաղի համար։ Կա մի կարմիր գիծ, որ Հայաստանը չի կարող անցնել, եւ այդ կարմիր գիծը Ղարաբաղն է։
Եթե Ղազախստանի համար այդ մոտեցումը սկզբունքային է, բոլոր «պրետենզիաները» պետք է ուղղվեն Մոսկվային, որը նաեւ դրդել է, անվտանգության հարցը խաղարկելով՝ ազդել Հայաստանի դիրքորոշման վրա։ Ի վերջո, Հայաստանը ցանկացած պահի կարող է վերսկսել Եվրամիության հետ ասոցացման գործընթացը, թեեւ չեմ կարծում, թե բանը կարող է հասնել դրան։ Ըստ իս, դա «գալոչկայի» համար արված հայտարարություն էր, միգուցե Ադրբեջանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ կային՝ չգիտեմ։

Բայց մի բան պարզ է՝ Ղազախստանի խնդիրները Հայաստանի հետ չեն, այլ Ռուսաստանի. չմոռանանք, որ Մոսկվայում այլ հայտարարություններ էլ են արվել։ Օրինակ, ասվել է, որ Ղազախստանը եւ Բելառուսը դեմ են տնտեսական օրակարգի քաղաքականացմանը եւ ընդհանուր խորհրդարան ստեղծելու գաղափարին։

Ամենակարեւորը՝ երկու փաստաթղթերն էլ արդեն ստորագրել են ե՛ւ Լուկաշենկոն, ե՛ւ Նազարբաեւը։ Մնացածը Ռուսաստանի գործն է։ Կարծում եմ, ռուսական կողմը հետեւողական կլինի այն հարցում, որ Ղարաբաղը ՄՄ-ում ունենա այն կարգավիճակը, որ առաջարկում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ «Դե յուրե դե ֆակտո» կարգավիճակ։

  –Եթե Նազարբաեւը պնդի իր դիրքորոշումը, Հայաստանը կարո՞ղ է Ղարաբաղից տարանջատվելու՝ առանց Ղարաբաղի ՄՄ մտնելու շքեղություն թույլ տալ իրեն։

–  Ինչ վերաբերում է՝ արդյոք փափուկ բարձ չե՞նք դնում գլխներիս տակ, ասելով, որ խնդիր չենք ունենա Ղարաբաղի «մաքսային կարգավիճակի» հետ կապված, կրկնում եմ, Հայաստանը Մաքսային միության մեջ մտնում է նախ եւ առաջ Ղարաբաղի հարցում մեր դիրքերն ամրապնդելու նպատակադրումով։ Եթե ՄՄ անդամակցությունը ինչ-որ ձեւով վնասի կամ ավելի վատ պայմաններ ստեղծի Ղարաբաղի համար, Հայաստանը ուղղակի չի ստորագրի ՄՄ փաստաթուղթը եւ կարող է այս կամ այն ձեւաչափով վերադառնալ եվրոպական ասոցացման գործընթացին։

Բայց, նախ, չեմ կարծում, թե Ղազախստանի համար դա սկզբունքային հարց է, երկրորդ՝ ՄՄ հիմնական դերակատարի՝ Ռուսաստանի համար այս պահին սկզբունքային է, որ Հայաստանը մտնի ՄՄ մեջ։ Նույն Նազարբաեւի հայտարարության մեջ կա մի միտք, որը հուշում է՝ փորձագետները կգտնեն այդ հարցի լուծումը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031