Առհասարակ Մաքսային միությանն անդամակցելու այս ողջ պատմության մեջ ամենամութն այն հարցն է, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդքան գլխապատառ նետվում ՄՄ գիրկը, ինչու են բոլոր փաստաթղթերն այնպիսի արագությամբ ստորագրում, որ, ինչպես Երեւանում նկատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական կողմն անգամ չի հասցնում «հայ գործընկերների հետեւից»։ Ի վերջո, այս հարցը պիտի՞ ունենա տրամաբանական բացատրություն։ Առայժմ ՀՀ իշխանական շրջանակներից այդպիսիք չեն հնչել։
Իրականում դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ, որոնցից ամենաառաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը հասկանում է՝ եթե մի քիչ էլ գործընթացը ուշանա, ապա գազային համաձայնագրով Հայաստանը լիակատար կախվածության մեջ դրած Ռուսաստանը մնացած մի քանի մանր-մունր հզորություններն էլ իրենով կանի, եւ Հայաստանը Ռուսաստանի համար վերջնականապես կկորցնի իր հետաքրքրությունը։ Իսկ այդ դեպքում Պուտինն այլեւս ջանք չի գործադրի համոզելու Ղազախստանին կամ Բելառուսին, որպեսզի նրանք համաձայնեն իր հեռավոր ծայրագավառին հավասարազոր անդամի կարգավիճակով ընդունել Մաքսային միություն:
Եվ եթե ոմանք ի պատասխան կարող են ասել, թե՝ ավելի լավ, այդ դեպքում մենք չենք անդամակցի եւ ոչ մի վերազգային կառույցի, եւ մեր ինքնիշխանությունը կորցնելու խնդիր չենք ունենա, ապա նրանք, ցավոք, կսխալվեն։ Քանի որ Հայաստանն արդեն իսկ դե ֆակտո կորցրել է ինքնիշխանությունը՝ երկրի ողջ էներգետիկ համակարգը հանձնելով Ռուսաստանին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում