Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Դեկտեմբեր 26,2013 11:28

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունչորսերորդ

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

Եվ Արիկը ժպտալով ասաց՝ «որ տերտերը մարշրուտնի նստի, ժողովուրդն էդ տերտերին չի հարգի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ կհարգի, ոչ էլ կհավատա», եւ տեր Մաղաքիան Արիկին հարցրեց՝ «ինչո՞ւ չի հավատա», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես», եւ տեր Մաղաքիան Արիկին հարցրեց՝ «ո՞ւմ պիտի հարցնեմ», եւ Արիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ժողովրդին», եւ տեր Մաղաքիան ժպտալով Արիկին ասաց՝ «բայց դույն միտքը դու ես ասում, այլ ոչ թե՝ ժողովուրդը», եւ Անանիան ասաց՝ «ցավոք սրտի, Արիկը ճիշտ ա ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հոգեւոր հովվի ու ժողովրդի միջեւ պիտի որոշակի դիստանցիա պահպանվի», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես այդ կարծիքին չեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «ես մարշրուտնի նստող տերտերներին ավելի եմ հավատում, քան՝ «Մերսեդես» քշող տերտերներին», եւ Անանիան քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «հասարակ ժողովուրդը քո հնարավորությունները չունի», եւ Ջավախյանն Անանիային հարցրեց՝ «ես կարող ա՞ հասարակ ժողովուրդ չեմ, ադա», եւ Անանիան քամահրանքով պատասխանեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ դու հատուկ ժողովուրդ ես», եւ տեր Մաղաքիան ասաց՝ «ավտոմեքենան ընդամենը փոխադրամիջոց է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երբեմն նաեւ՝ անհրաժեշտություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ հոգեւորականների համար», եւ Ջավախյանը տեր Մաղաքիային հարցրեց՝ «բա դու ինչի՞ ավտո չես առնում», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «անկեղծ ասած, մեքենա վարել չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքումս մեքենա վարած չկամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առանձնապես ձգտում էլ չեմ ունեցել», եւ Հայկունին ժպտալով տեր Մաղաքիային հարցրեց՝ «ձգտում չես ունեցե՞լ, թե՝ հնարավորություն», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երկուսն էլ», եւ Բարդուղն ասաց՝ «էս երկրում ազնիվ մարդը ո՞նց կարա մեքենա առնի», եւ Սերոբը զարմացած հարցրեց՝ «ես կարող ա՞ անազնիվ եմ», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «դու բացառություն ես, Սերոբ ջան», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ես կարող ա՞ իմ հալալ քրտինքով չեմ տղիս համար ավտո առել», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու էլ ես բացառություն, Լեւոն ջան», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «մեր հասարակությունը բացառություններից ա բաղկացած», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ես էլ էի մի ժամանակ բացառություն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց շուտով հասկացա, որ տաքսին ավելի էժան ա նստում», եւ տեր Մաղաքիան ասաց՝ «ես էլ եմ հիմնականում տաքսիով երթեւեկում», եւ Ջավախյանը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «որովհետեւ եթե մարշրուտնիով երթեւեկես, ժողովուրդը քեզ չի հարգի», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժողովրդին շատ եք թերագնահատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «հավատացյալ ժողովուրդը չի կարող Աստծո խոսքը մատուցողին չհարգել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խոսքը հավատացյալ ժողովրդի մասին չի», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «բա ո՞ր ժողովրդի մասին է», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մարշրուտնիներով երթեւեկող», եւ Ջոնը Ջավախյանին ասաց՝ «այ խելոք, իսկական հավատացյալները մարշրուտնիներով երթեւեկողների մեջ են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «անձնական օրինակովդ ե՞ս ասում», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով հարցրեց՝ «կարող ա՞ քո անձնական օրինակով ասեմ» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական հարցրեց՝ «գոնե մի անգամ Ավետարանը բացած կա՞ս», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «գոնե մի անգամ մարշրուտնի նստած էլ չկա», եւ Արիկն ասաց՝ «իրա տեղն ով էլ ըլներ, մարշրուտնի չէր նստի», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ինչո՞ւ չէր նստի», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը քաղաքի ամենակենտրոնում ա ապրում», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «որտե՞ղ է ապրում», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «հրապարակում», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «ո՞ր հրապարակում», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «Լենինի», եւ տեր Մաղաքիան ժպտալով հարցրեց՝ «Լենինի հրապարակը դեռեւս գոյությունի ունի՞», եւ Ջոնը քմծիծաղով ասաց՝ «Ջավախյանի համար գոյություն ունի», եւ Անանիան թարս նայեց Ջոնին ու ասաց՝ «Ջավախյանի հաշվով ըսենց արհամրահական ես արտահայտվում, բայց որ տեղը գալիս ա, առաջինն իրան ես զանգում ու խաշի հրավիրում», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «պերսոնալնի», եւ տեր Մաղաքիան ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ խաշի մասին է խոսքը», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կրակն ընկա՝ մի օր խաշ դրեցի, տեր հայր», եւ Անանիան զարմանքով տեր Մաղաքիային հարցրեց՝ «քեզ էլ չի հրավիրե՞լ», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «առաջին անգամ եմ այդ խաշի մասին լսում», եւ Անանիան զարմացած նայեց Ջոնին ու ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ գոնե տեր Մաղաքիային հրավիրած կըլնես», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «չի հրավիրել», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային հարցրեց՝ «տերտերները խաշ ուտում ե՞ն», եւ տեր Մաղաքիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեծ հաճույքով», եւ Հայկունին ժպտալով Ջոնին ասաց՝ «տեր Մաղաքիային պիտի հրավիրեիր, որ սեղանը օրհներ», եւ Անանիան արհամարհական նախ Ջոնին նայեց, հետո նայեց Հայկունուն ու փռթկացնելով ասաց՝ «Ջոնը մտածել ա, որ Ջավախյանը սեղանը կօրհնի», եւ տեր Մաղաքիան ժպտալով Անանիային հարցրեց՝ «որպես Լենինի հրապարակի բնակի՞չ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էնքան նաֆսեցիք, մինչեւ Լենինի հրապարակից հանեցին», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ինչո՞ւ հանեցին», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պետական կարիքների համար», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «երբվանի՞ց ես պետական կարիքների համար Լենինի հրապարակն ազատել», եւ Ջավախյանը նայեց ինձ, հետո նայեց Բարդուղին ու ժպտալով ասաց՝ «արդեն մի շաբաթից ավել կըլնի՝ Արմոյի հայրենիք եմ տեղափոխվել», եւ Բարդուղը Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր Արմոյի», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «Շեկոյան Արմենի հայրենիքը ո՞րն ա», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «Շիլաչին» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ Մետաքսը», եւ Բարդուղը ժպտալով ինձ հարցրեց՝ «հիմա իրար հարեւա՞ն եք», եւ Ջավախյանն իմ փոխարեն ասաց՝ «Մետաքսը ոչ թե Արմոյի բնակության վայրն ա, այլ՝ հայրենիքը», եւ ես ժպտալով ասացի՝ «քառասունհինգ տարուց ավել ա՝ հայրենիքիցս դուրս եմ էկել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ամեն մեկիս իրա հայրենիքից տեղահան են արել», եւ տեր Մաղաքիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «քո հայրենիքը Լենինի հրապարա՞կն էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի տեղ որ երեսուն տարուց ավել ապրում ես, հայրենիքի պես բան ա դառնում», եւ Անանիան ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «Լենինի հրապարակը Ջավախյանի զոքանչի՛ հայրենիքն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ջավախյանը Լենինի հրապարակում տնփեսա էր» եւ տեր Մաղաքիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «զոքանչդ հիմա կա՞», եւ Ջավախյանն ասաց՝ «տասնհինգ տարի առաջ հոգին ավանդեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օղորմի իրան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «զոքանչս էլ էր Արմոյի զեմլյակը», եւ տեր Մաղաքիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «զոքանչդ էլ է՞ր մետաքսեցի», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «զոքանչս Իգդիրցի էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմոյի հորական կողմն էլ ա Իգդիրից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ զոքանչս ընկերներիցս մենակ Արմոյին էր սիրում ու հարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ չմահավան կնիկ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օղորմի իրան»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031