ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու և իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:
Ստորև ներկայացնում ենք Պ.Անդերսոնի նամակին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված պատասխանը.
«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.12.2013թ. նամակն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և Ձեր կողմից իրականացվելիք <<հասարակական հետաքննությանը>> որևէ կերպ մասնակցելը դուրս է այդ շրջանակից:
Ինչ վերաբերում է նամակում նշված հանգամանքներին կապված Տարոն Մարգարյանի և այլ անձանց վերագրվող գործողությունների հետ, ապա հարկ է պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել այն հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում: Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածը սպառիչ թվարկում է քրեական գործ հարուցելու առիթները, որոնք են՝ հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Կարդացեք նաև
Առիթը պայման է, որի առկայության դեպքում միայն օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել կոնկրետ իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:
Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ և Ձեր կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված է հստակ կարգ, որից շեղվելու դեպքում այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու օրինական առիթ և դրա հիման վրա իրավապահ մարմինների կողմից չեն կարող նախապատրաստվել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախ և առաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:
Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
Բացի այդ, եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, միաժամանակ նա պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչը պետք է կրկին հաստատի իր ստորագրությամբ:
Ինչ վերաբերում է լրատվության միջոցներով ֆիզիկական անձանց տարածած տեղեկատվությանը, ապա եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձն ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդումը նույնպես ենթակա է ձևակերպման ու քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաղորդման համար սահմանված վերոնշյալ պահանջներին և կարգին համապատասխան:
ՀՀ գլխավոր դատախազությունն ակնկալում է Ձեր արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու և Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին՝ հաղորդում տալու համար ներկայանալու դեպքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ըստ անհրաժեշտության Ձեր նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց»:
ՀՀ գլխավոր դատախազություն