Լրահոս
Օրվա լրահոսը

Սենսացիոն վերնագրի տակ

Դեկտեմբեր 26,2013 13:30

Եթե անտեղյակ մարդը կարդա լրահոսում նյութերի վերնագրերը, ապա նա հաստատ սարսափելու է: Օրինակ՝ մոտավորապես այսպես. «Դավութօղլուն եկել է՝ Ղարաբաղի երկու շրջանները վերցնելու»: Բնականաբար, այս մարդը կբացականչի. «Տեր Աստված, ի՞նչ շրջաններ, ո՞վ է նրան տալիս, այդ ե՞րբ են պայմանավորվել»: Լրատվական աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդը, բնականաբար, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Թուրքիայում (հավանաբար, իշխանության «պասով») տեղեկատվություն էր տարածվել՝ իբր նրանք կբացեն սահմանը, եթե մենք Ադրբեջանին երկու շրջան տանք: Այդ անհեթեթ լուրը մտավ իրենց խորհրդարան, քննարկվեց, բայց մերոնք էլ իրենց շահերն ունեն դա տարածելու, եւ քանի որ հարեւան երկրի արտգործնախարարն էլ գալու էր Երեւան, ստացվեց «սենսացիոն» վերնագիր` բուն նյութը չեմ կարդացել, ժամանակ չունեմ: Ի դեպ, վստահ եմ, որ մոտակա մեկուկես տարում Թուրքիան բազմաթիվ նման խայծեր է տալու: Չգիտեմ, «ցյուրիխյան պրոցեսի» նախաձեռնողները գուցե հավատան կամ ձեւ անեն, որ հավատում են այդ «առաջընթացին»:
Կամ՝ «Տեր-Պետրոսյանը այսինչ դիվանագետի հետ զրույցում այնինչ բանն ասաց»: Նախ՝ որտեղի՞ց իմացաք՝ առաջին նախագա՞հն է ձեզ ասել, դիվանագե՞տը, թե՞ «ժուչոկ» էիք դրել: Տեր-Պետրոսյանին գոնե մի քիչ ճանաչող մարդը կհասկանա, որ նա նման բան չէր կարող ասել, եւ դա իշխանական քարոզչություն է: Բայց դրանից հետո այդ սուտ, այսպես ասած, կանխադրույթի վրա հիմնվում են վերլուծություններ, թե ինչու է առաջին նախագահն այդպես ասել եւ ինչ է նկատի ունեցել:

Հիմա էլ՝ նոր «սենսացիա». «Ղազախստանը խոչընդոտում է Հայաստանի մուտքը Մաքսային միություն՝ ղարաբաղյան նախապայմաններ դնելով»: Եվ հետո այդ «հավաստի տեղեկության» հիման վրա՝ զանազան իմպրովիզացիաներ: Նման լուրերը ճշտելու համար արժե դիմել որեւէ իրավասու պաշտոնյայի, որն է տվյալ դեպքում Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան (Մաքսային միության «Շտեֆան Ֆյուլեն»). «Ինչպես գիտեք, Ղազախստանի նախագահը իր ներածական խոսքում նշել է Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելու պատրաստակամությունը եւ դրա հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունը: Քննարկման արդյունքում Ղազախստանի նախագահը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մյուս մասնակիցների հետ միասին ստորագրել է «ճանապարհային քարտեզն» արտոնելու մասին որոշումը: Ղազախստանից այլ փաստաթղթեր չեն ստացվել: Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ՄՄ-ն ու ՄՏՏ-ն տնտեսական կառույցներ են: Մենք քաղաքական միություն ստեղծելու ծրագրեր չունենք, համապատասխանաբար, Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելը չի անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա» (ըստ news.am-ի): Այսինքն՝ Նազարբաեւը, հավանաբար, իրոք մտադրված էր վերապահությամբ ստորագրել փաստաթուղթը, բայց ինչ-ինչ պատճառներով դա ի վերջո չարեց:

Աստված գիտի, իհարկե, թե ինչ կստացվի այս Մաքսային միությունից: Մի բան է պարզ. Ղարաբաղի հարցը մեր անդամակցության շրջանակներում չի քննարկվում: Իսկ դա, կարծում եմ, նշանակում է, որ մաքսակետի պահանջ Հայաստան-Արցախ սահմանին ոչ ոք չի դնում: Այդ ամբողջ «մաքսային» գործընթացը առանց այդ էլ բազմաթիվ, մեղմ ասած, մտահոգություններ է առաջացնում: Գոնե այս մեկը առայժմ չի իրականանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    ‘…մաքսակետի պահանջ Հայաստան-Արցախ սահմանին ոչ ոք չի դնում”: Այս պնդումը իմ կարծիքով ճիշտ չէ; Հարցը կառաջանա, երբ գծվի Մաքսայւն միության սահմանը, որի ներսում Արցախը չի լինելու; Ցանկացած մաքսային միություն ունի սահմաններ, որոնց ամբողջ երկարությամբ մաքսատներ են տեղադրվում: Եվրամիությունը ձեզ օրինակ;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031