Երեկ«Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ մրցաշրջան 2013-ի ամփոփման միջոցառման ժամանակ մեծարվեցին սպորտի պետական կառույցի տարբերակով Հայաստանի 10 լավագույն մարզիկները, մարզաշխարհի մի շարք երախտավորներ:
Երեկոյի ընթացքում նախարար Յուրի Վարդանյանը մի քանի րոպե պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի մարզական լրագրողների եւ սպորտի պետական կառույցի կազմած լավագույն տասնյակների տարբերակներին: Նախարարը հայտարարեց, որ իրենց նախաձեռնությունը շատ ճիշտ որոշում է: «Երբ ասում են, որ 100 տարի առաջ տասնյակը լրագրողներն են որոշել, էդպիսի բան չի եղել: Պետական կառույցն անմիջականորեն ազդեցություն է ունեցել դրա մեջ: Պետական կառույցի համար տասնյակի այլ տարբերակ անընդունելի է: Սրանից հետո պիտի լինի բացառապես նախարարության նախաձեռնությամբ: Մենք դա կոորդինացնում ենք»:
Նախարարը դժվարացավ հստակ նշել, թե իր քվեարկությանը քանի լրատվամիջոց է մասնակցել՝ ասելով, որ ընդամենն իր հրամանով ստեղծվել է կազմկոմիտե եւ այդ աշխատանքներով զբաղվել է աշխատակազմը: Ինքը այդ գործընթացին չի մասնակցել:
Խոսելով հաջորդ տարվանից իր ակնկալիքների մասին՝ Յուրի Վարդանյանն ասաց, որ կուզենար, որպեսզի 2014 թվականին հաջողությունները կրկնապատկվեն, եռապատկվեն եւ դրա հնարավորությունները լիարժեք կան:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե պետության՝ սպորտին հատկացվող գումարները կբավարարե՞ն, նախարարը պատասխանեց. «Ես ԱԺ-ում էլ եմ այդ հարցը բարձրաձայնել: Ցավոք, որեւէ բան չի ավելացել: Սակայն մենք բացի կառավարության տված միջոցներից, ուրիշ աղբյուրներ էլ ենք փնտրում, որպեսզի կարողանանք մեր առաջատար մարզիկներին տարին 12 ամիս հավաքների մեջ պահել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ