Եկող տարի Ջերմուկ առողջարանում կբացվի «Հայյաթ» միջազգային բրենդի հյուրանոց, որը նաեւ առողջարանային ծառայություններ կիրականացնի: Իսկ 2015-ին Ջերմուկը կունենա երկրորդ միջազգային բրենդի հյուրանոցը՝ «Ռեզորթ»: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, հավելելով, որ Ջերմուկ առողջարանային քաղաքում, որի զարգացման ռազմավարական ծրագիրը մշակվել է շվեյցարացի փորձագետների հետ, նախատեսվում է «չորս ինվեստիցիոն բլոկ»՝ վերը նշված երկու, եւ եւս երկու հյուրանոցային համալիրներ:
Վայոց ձորում տուրիզմի զարգացման երկու առանձին ուղղություն է մշակվում՝ մեկը առանձին Ջերմուկի համար, մյուսը՝ ընդհանուր մարզի: Մարզի զբոսաշրջությանը նպաստող միջոցառումներից պարոն Ղազարյանը նշեց Արենիի գինու փառատոնը, որն արդեն բավականին լայն ճանաչում եւ համբավ ունի եւ Եղեգնաձորի երգի փառատոնը: Մարզպետն ասաց, որ պլանավորում են առաջիկայում միավորել այդ փառատոնները, մեկշաբաթյա աշնանային ծրագրեր առաջարկել, որ մարդիկ հոկտեմբերին ագրոտուրիզմի մասնակից դառնան. «Գան մեկ շաբաթով Վայոց ձորի մարզ, երկու փառատոններին մասնակցեն, բերքահավաքին մասնակցեն…»: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մարզի գյուղերում փոքրիկ հյուրատների կառուցում:
Մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ 100-ով ավելացել է: Նաեւ այս տվյալը նկատի ունենալով՝ մարզպետը ասաց, որ Վայոց ձորում արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, բայց արտագաղթ չկա՝ մարդիկ մեկնում են աշխատելու, ապա վերադառնում, կրկին մեկնում: Ու քանի որ մարզպետարանում համարում են, որ արտագնա աշխատանքի մեծ ծավալների պատճառներից մեկն էլ բնակարանային պայմաններն են, քանի որ գյուղատնտեսությունը միշտ չէ, որ կարող է բնակարանով ապահովել, որոշել են բնակարանային աջակցության ծրագիր սկսել, եւ սկիզբը դրվելու է Խաչիկ գյուղում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև