Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհներ ստացած տասը բուհերն այսօր Երևանի պետական համալսարանում ներկայացրեցին իրենց նախագծերը:
Նկատենք, որ ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության որակի, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը:
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը, կարևորելով ծրագրի մեկնարկը, ասաց. «Տարիներ շարունակ պետությունը բուհերին ֆինանսավորել է ըստ ընդունվող ուսանողների քանակի, ինչն ապահովել է բուհական մրցակցություն ընդունելության քննությունների մակարդակում, սակայն ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը, այն ավելի բազմազան ու բազմաբովանդակ դարձնել՝ ուշադրություն հրավիրելով հատկապես գաղափարների ու ծրագրերի վրա»:
Նախարարը կարևորեց ծրագիրը նաև որպես ժամանակակից չափանիշներին համապատասխանող բուհեր ունենալու խթան. «Ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ, որոնք բուհը դարձնում են իրոք ժամանակակից միջավայր՝ հնարավորություն ընձեռելով մեր ուսանողներին՝ ստանալու հնարավորինս արդիական կրթություն»:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում շուրջ երեք մլն դոլարի աջակցություն կստանան տասը բուհեր՝ իրենց ներկայացրած նախագծերն իրագործելու համար:
Բուհերի տասնյակում ընդգրկված է նաև Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), և Aravot.am-ը հետաքրքրվեց համալսարանի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Սեյրան Քոչարյանից, թե ինչ ծրագրով է հանդես գալիս իրենց բուհը. «Մեր համալսարանի կողմից իրականացվում է գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոն հիմնելու ծրագիրը, որը նպատակ ունի ձեռք բերելու հատուկ վարժասարքեր՝ սիմուլյացիոն սարքավորումներ, որոնք ինչպես ուսանողներին, այնպես էլ գործող բժիշկներին հնարավորություն կտան ձեռք բերելու գործնական հմտություններ՝ սկսած առաջին բուժօգնությունից, թերապևտիկ տարբեր միջամտություններից մինչև վիրաբուժական, վիրահատական հմտություններ: Հասկանալի է, որ փորձերը մարդկանց, հիվանդների վրա գրեթե անհնարին է, ուստի՝ սիմուլյացիոն կենտրոնի հիմնումը չափազանց արդիական է մեր օրերում, և կարծում եմ, որ սեպտեմբերին մենք արդեն կունենանք սիմուլյացիոն կենտրոն»,- ասաց Ս. Քոչարյանը:
Իսկ ահա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) նախատեսում է ծրագրի շրջանակներում ստեղծել Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն (ՍՏՈւԿ): Ինչպես Aravot.am-ին հայտնեց ԵԹԿՊԻ-ի ռեկտորի խորհրդական Վարուժան Ավանեսյանը, այս ծրագրի նպատակը ինստիտուտի յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերի մշակումն ու համադրումն է, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կինոֆակուլտետի և անիմացիոն ֆակուլտետի թե´ դասախոսներին, թե´ ուսանողներին համապարփակ ներկայացնելու իրենց աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնը «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ նախատեսում է կազմակերպել լրացուցիչ հեռավար շարունակական կրթություն: «Այս ծրագիրը նախատեսված է հասարակության լայն շերտերի համար, նրանց, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն չունեն աշխատանք և ցանկանում են ձեռք բերել լրացուցիչ հմտություններ, գիտելիքներ առցանց տարբերակով: Ծրագրի առավելությունն այն է, որ հայալեզու է, և այդ առումով հասանելի բոլորիս»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև սոցհարցում, որը հնարավորություն կտա պարզելու, թե ինչ գիտելիքների պակաս ունեն մարդիկ, որը խանգարում է նրանց աշխատանք գտնել աշխատաշուկայում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ