Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը պարտադիր կուտակային բաղադրիչի մասին

Դեկտեմբեր 25,2013 18:34

ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի,  մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:

Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ: Այսպես՝

1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես  և, հատկապես, ուշագրավ է այն փաստը,  որ  քննարկվող  Oրենքի  ուժով սահմանափակվում է անձին պատկանող  սեփականությունը  իր  հայեցողությամբ  տիրապետելու,  օգտագործելու, տնօրինելու  և  կտակելու  անձի  սահմանադրական  իրավունքը,  Օրենքի  ուժով  խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական  վիճակը  վատթարացնող  իրավական  ակտին  (Օրենքին) տրվում  է  հետադարձ ուժ`  փաստացի  տարածելով  դրա  գործողությունը  մինչև  2014թ.  հունվարի  1-ը  ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։

2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:

3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:

4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:

5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ`

Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031