Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, կան հակակայսերապետական տրամադրություններ
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին այսօր «Հայելի» ակումբում հարց ուղղեցին, թե խորհրդարանում «գազային» համաձայնագրերի քվեարկությունից հետո շրջանառվող այն տեսակետը, թե ոչ իշխանական ուժերը կարող են վայր դնել մանդատները, որքանո՞վ է իրական հնարավորություն:
Ըստ Շահնազարյանի՝ եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա խորհրդարանական ճգնաժամ կառաջանա եւ իրավական առումով ԱԺ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կառաջանա․ «Բայց նման հնարավորությունը խիստ ուտոպիստական են համարում, եւ չեմ կարծում, թե խորհրդարանական այն ուժերը, որոնք դեմ են «գազային» պայմանագրին, բայց կողմ են Մաքսային միությանը, ընդհանրապես քննարկեն այդ հարցը: Ավելին՝ նրանց պահվածքը՝ «գազային» պայմանագրին դեմ, Մաքսային միությանը՝ կողմ, հիշեցնում է մեր անկախության հանրաքվեից առաջ քաղաքական ուժերից մեկի կարգախոսը: Եթե դա ձեւափոխենք, եւ այսօրվա այդ կուսակցությունների պահվածքին վերագրենք, ապա ի՞նչ են ասում նրանք՝ Գազայինին դեմ ըլալով, Մաքսայինին կողմ կըլանք: Գազային պայմանագիրը՝ Մաքսային միության այցետոմսն էր եւ թող նրանք հասկանան, որ ինչպես դասականն էր ասում՝ «դժբախտությունները սկսվել են, պատրաստվեք նորերին»:
Այնուհետեւ Դավիթ Շահնազարյանը շեշտեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան եւ չեն էլ կարող լինել եւ ընդհանրապես որեւէ ժողովրդի նկատմամբ նման տրամադրություններ չպետք է լինեն․ «Հայաստանում կան հակակայսերապետական տրամադրություններ: Դրանք շատ մեծ տարբերություններ են: Հակակայսերապետական տրամադրությունները դրանք նույնն են, ինչ պաշտպանելը մեր պետականությունը, սահմանադրությունը եւ ինքնիշխանությունը։ Ո՞րն է այսօր կայսերապետական Կրեմլի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ զինել մի երկրի, որի նպատակն է, պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ամեն առիթով վիրավորել մեր ազգային արժանապատվությունը, ներկայացնել նման գազային պայմանագիր: Այդ պայմանագրին ոչ մի իրավական, քաղաքական եւ տրամաբանական բացատրություն չունի, դա անմեղսունակության կանխավարկածի ոլորտից է: Ընդհանրապես դժվար է նման պայմանագիր գտնել այն երկրների հետ, որոնց Ռուսաստանը գազ է մատակարարում: Ռուսաստանը նպաստում է Հայաստանից արտագաղթին, դա պետական քաղաքականություն է, եւ Ռուսաստանը չի թաքցնում դա եւ այսօրվա քաղաքական համակարգը այս ամենը լռելյայն ընդունում է։ Այս համակարգը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, այլեւ մեր պետության ու ժողովրդի արժանապատվությունը: Դա է պատճառը, որ ի վիճակի չլինելով այս ամենը պաշտպանել՝ նրանք կողմ են, որ Հայաստանի ժողովուրդը կատարի փախուստ Ազատությունից՝ դեպի կամավոր ստրկություն»:
Կարդացեք նաև
Դավիթ Շահնազարյանին հարց ուղղեցին նաեւ, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: «Հայաստանի իշխանությունները, այդ խմբակցությունները, նրանք վաղուց Հայաստանի հանրապետության իշխանության ձեւավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Բոլոր այս գործողությունները, որ նրանք անում են, ըստ էության՝ Մոսկվային ասում են՝ Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձեւավորի իշխանություն։ Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի՝ խորհրդարանի ամբողջ կազմն է ձեւավորվելու Մոսկվայում: Սա է, որ պետք է կանգնեցնենք», ասաց Շահնազարյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին, կապված երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի բարձրացրած խնդրին՝ «ՄՄ սահմանի վերաբերյալ հարցը՝ որտեղով է այն անցնելու Հայաստանում`ղարաբաղյան հակամարտության հետ կապված», Շահնազարյանը նկատեց, թե չի կարծում, որ Ղազախստանն այդ պատճառով արգելք դնի Հայաստանի անդամակցությանը՝ ՄՄ-ին, բայց անընդհատ ընդգծելու է եւ այս փաստարկը իր ձեռքին է ունենալու Նազարբաեւը՝ ելնելով իր դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ Շահնազարյանի, դա կապված էր Նազարբաեւի մյուս՝ ոչ պակաս կարեւոր հայտարարության հետ, որը նա արեց երեկ՝ հստակ ընդգծելով, որ դեմ է, որպեսզի Մաքսային միությունը դառնա քաղաքական կառույց․ «Մաքսային միությունում ստեղծվել է այսպիսի իրավիճակ՝ ՌԴ-ն շատ լուրջ խնդիրների է հանդիպում թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումներում: Եվ ընդհանրապես, այս միությունը ապագա ունենալ չի կարող, իսկ Հայաստանի՝ արագ անդամակցությամբ Ռուսաստանը հույս ունի այնտեղ՝ ներքին քննարկումներում ունենալ գործընկեր, դաշնակից՝ ընդդեմ Բելառուսի եւ Ղազախստանի»:
Շահնազարյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում ծավալվելու են պետությունը, ինքնիշխանությունը պաշտպանող եւ ՌԴ-ի կայսերապետական քաղաքականության դեմ գործընթացներ եւ դրանք հնարավոր է, լուրջ քաղաքական գործոն դառնան՝ այդ իսկ պատճառով շտապում է հնարավորինս օգտագործել ժամանակը մինչեւ մայիսի 1-ը՝ ՄՄ-ի հետ կապված իրավական գործընթացը ավարտելու համար:
Ինչ վերաբերում է ԼՂ-ի դրությանը՝ կապված Մաքսային միության անդամակցության պարագայում մաքսակետի տեղադրման առումով, ապա Շահնազարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը արդեն իսկ հայտնվել է ծանր իրավիճակում․ «Արցախը, ըստ էության, հայտնվել է ռուսական կայսրության կազմում, այն կարգավիճակում, որը կար՝ մինչեւ արցախյան Շարժումը սկսելը՝ 1987-88 թվականներին: Արցախում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ ԼՂ-ի անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել բացառապես Հայաստանի Հանրապետությունը, բայց հիմա մենք կորցնում ենք մեր այդ կարգավիճակը: Հիմա մենք պետք է պաշպանենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, եւ այստեղ մենք Արցախի օգնության կարիքն ունենք, եւ հասել է այն պահը, որ Արցախը պետք է նաեւ նպաստի, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան պետություն, դա բխում է նաեւ Արցախի ինքնիշխանության շահերից»: Դավիթ Շահնազարյանը հավելեց, թե չի կարծում, որ այդ մաքսակետը կտեղադրվի եւ որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը այդ հարցը նման սրությամբ կդնի:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ