Վարորդները նկատած կլինեն. հասնում ես խաչմերուկին, դիմացդ ընդամենը մեկ ավտոմեքենա է, եւ լուսացույցը ցույց է տալիս, որ դեռ երեք-չորս վայրկյան կանաչ լույս է վառվելու, վստահ ես, որ կհասցնես անցնել կանաչ լույսի տակով եւ խնայել 30 վայրկյան: Սակայն դիմացիդ մեքենան հանկարծակի արգելակում է, եւ բավական չէ՝ խաչմերուկն անցնելու քեզ թույլատրված 11 վայրկյանից 3-ն անիմաստ կորչում է, որովհետեւ դիմացիդ վարորդը, զգուշանալով, որ տեսախցիկը կնկարի, կանգնում է կանաչ լույսի տակ, երբ դեռ բավականին ժամանակ կա անցնելու, դեռ մի բան էլ վթարավտանգ իրավիճակ է ստեղծվում:
Մեկ այլ նմանատիպ իրավիճակ. խաչմերուկի աջ կողմում մեքենաները կայանել են խաչմերուկին չափազանց մոտ, հազիվ երկու մեքենա կարող է անցնել՝ աջ թեքվելու համար, կարմիր լույսի տակ կանգնած է մի մեքենա, թվում է, թե դու էլ կարող ես շրջանցել կայանած մեքենաները եւ աջ քաշած սպասել կանաչ լույսին, սակայն դիմացիդ մեքենան կանգնել է խաչմերուկի գծից առնվազն երեք մետր առաջ, եւ երկրորդ մեքենայի համար տեղ չկա:
Այս ամենը չէր լինի, եթե մեր վարորդները քշեին՝ առաջնորդվելով երթեւեկության կանոններով եւ ոչ թե տեսախցիկներից ունեցած վախով: Այդ պարագայում նրանք կքշեին, եթե անգամ 1 վայրկյան մնացած լիներ կանաչին, քանի որ կանաչ լույսի տակ սկսած գործողությունը կարելի է ավարտել ոչ միայն դեղինի, այլեւ արդեն կարմիրի տակ, եւ ոչ մի տուգանք էլ չի գա:
Խոսակցություններն էլ, թե կես մետր խաչմերուկի գծից առաջ ես կանգնում՝ տուգանում են, հիմնավոր չեն: Ներկայումս տուգանում են միայն մեքենայի չորս անիվն էլ գիծը հատելու պարագայում: Անհիմն են նաեւ անտեղյակ վարորդների շրջանում մեծ տարածում գտած լուրերը, թե 1 կմ/ժամ էլ արագությունը գերազանցես՝ 10 հազար դրամ տուգանք է գալիս: Այդպես չէ, որովհետեւ բնակավայրերում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, իսկ կտուգանվես, եթե արագությունդ 71 կմ/ժամ եւ ավելին լինի, այսինքն՝ թույլատրելիից 11 եւ ոչ թե 1 կմ/ժամ ավելի: Դե, իսկ բնակավայրերից դուրս էլ, կախված տեղանքից՝ համապատասխան թույլատրելի արագությունը 11 կմ/ժամով գերազանցելու դեպքում է դա խախտում համարվում: Երբեմն էլ դժգոհում են, թե՝ 54-ով էի քշում, տուգանեցին: Է, եթե այդ տարածքում թույլատրելի արագությունը 40 կմ/ժամ է, ապա 14 կմ/ժամով գերազանցելու դեպքում ինչպե՞ս չտուգանեն:
Եվս մի հիշեցում մեր վարորդներին: Չի թույլատրվում նույն խախտման համար կրկնակի տուգանելը: Այնպես որ՝ եթե դուք գերազանցեք արագությունը եւ տեսնեք, թե ինչպես է արագաչափը բարկացած թարթում ձեզ վրա՝ ֆիքսելով այդ խախտումը, ոչ մի դեպքում թույլ չտաք, որ արագաչափից հետո կանգնած ոստիկանը նույն խախտման համար ձեզ վրա ակտ կազմի՝ արագաչափն արդեն գրանցել է խախտումը: Եթե խախտումը կատարել եք տեսախցիկի առկայությամբ, եւ ոստիկանը նույն խախտման համար խաչմերուկի մոտ կանգնեցնի ձեզ՝ չփորձեք մի քիչ էժան պրծնելու համար «խաթրով» լուծել հարցը, միեւնույն է՝ տեսախցիկի ֆիքսած խախտման համար «նամակը» գալու է: Այդ իսկ պատճառով էլ օրենքով՝ այն խաչմերուկներում, որտեղ տեսախցիկ է դրված, ոստիկանական ստուգում չի կարող իրականացվել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Համարյա բոլոր հարցերում համաձայն եմ, բայց <> ի հետ համաձայն չեմ, կես մետր խաչմերուկի գծից առաջ ես կանգնում՝ տուգանում են, ես անձամբ տուգանվել եմ և կարող եմ նկարները կիսվել ձեզ հետ :